Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Ես ՀՀԿ-ին ավելի սրտամոտ եմ»

Ապրիլ 11,2012 17:41

«Ժողովուրդը ցույց կտա»,- Aravot.am-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում հաղթելու իր հնարավորությունները:

Aravot. am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Սարոյանը վերաբերվում նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանի՝ իր դեմ սկսած դատական գործընթացին, որով փորձում է ապացուցել, թե Սարոյանը պատգամավորության 5 տարիներից 2,5-ն անցկացրել է ՌԴ-ում, իր բիզնեսները ղեկավարելով: «Կա օրենք, ժողովուրդ, պետություն: Ստուգել են, տեսել են, փաստերը կան. պարզաբանվել ա, որ դա նորից հերյուրանք ա»: Հարցին՝ ինչի՞ է ստում Հակոբյանը, Սարոյանը պատասխանեց. «Չեմ կարա ասեմ ստում ա, կարողա մարդը ինֆորմացիա ա ունեցել, ինչ պարտադիր ա ստի: Փորձեց ճշտել՝ ճշտեց»: Հետաքրքրվեցինք՝ նորմա՞լ է վերաբերվում դրան, մանավանդ, որ արդեն քանի տարի է իրար հետ մրցակցության մեջ են: Պատասխանը եղավ. «Նորմալ, ինչ ա եղել, մեկի հետ պտի՞ մրցենք»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է, որ ՀՀԿ-ն այդ ընտրատարածքում արդեն երկրորդ անգամ սատարում է իրեն, այն պարագայում, երբ Հակոբ Հակոբյանը ՀՀԿ անդամ է: «Որովհետեւ ես այդ կուսակցությանն ավելի սրտամոտ եմ»,- ասաց Սարոյանը: ՀՀԿ-ին սրտամոտությունն արտահայտվում է՝ «Իմ ապրած կյանքով, իմ անցած ուղիով: Խի դուք չգիտե՞ք ես ինչ ուղի եմ անցել՝ եւ ղարաբաղյան պատերազմ, եւ բանակաշինություն, էդ ամբողջ Հանրապետական կուսակցության ղեկավարները որ եղել են, նրանք մեզի միշտ սրտամոտ մարդիկ են եղել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն քննադատություններին, որ այս ԱԺ-ում այդպես էլ որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեկավ, բայց նորից է ցանկանում պատգամավոր դառնալ՝ Սարոյանն ասաց. «Ամեն ինչ հեռուստացույցով խոսալով չի, գործով ա: Մենք գործ ենք արել, էլի նորմալ անելու ենք: Խոսացողները խոսում են, աշխատողները՝ աշխատում»: Սարոյանն ասաց, որ ինքը օրենսդրական նախաձեռնություններով հանդես է եկել, այն էլ մի քանի: Դժվարացավ մտաբերել հատկապես ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ է ունեցել, ասաց. «Որը մեր ժողովրդին նորմալ ա, որը մեր ժողովրդին տալու ա նորմալ կյանք, աշխատանք, ապագա»: Սարոյանը ցանկանում է նորից պատգամավոր դառնալ, որովհետեւ՝ «Ես իմ ժողովրդին պետք եմ»:

Հարցին՝ ինչի՞ չի ցանկանում վերադառնալ բանակ, Սարոյանը պատասխանեց. «Ես իմ գործը բանակում արել եմ: Աստված չանի, եթե պատերազմ սկսվի, առաջին գիծ մենք ենք լինելու»:

ՀՀԿ-ի հաղթանակի շանսերը Սարոյանը գնահատում է «շատ ուժեղ եւ հզոր», գտնում է, որ չնայած առկա խնդիրներին «ժողովուրդը վստահում ա ՀՀԿ-ին, գիտի ղեկը ում ձեռքին ա»:

Հայ ժողովրդի վատ ապրելն էլ կապում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ ու զարմանում, թե ի՞նչ մեղք ունի այստեղ ՀՀԿ-ն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30