Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Գագիկ Ծառուկյանն իր համաձայնությունը տվել է շտաբին» (Տեսանյութ)

Ապրիլ 11,2012 16:43

Այսօր ԲՀԿ ցուցակում ընդգրկված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը համաձայնեց մի քանի լրատվամիջոցների հարցերին պատասխանել` կապված Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ-ի կապերի, ԲՀԿ-ում իր դերի մասին:

Հարցին, ԲՀԿ ցուցակում երկրորդ տեղում հայտնվեցիք, սա ինչ-որ կերպ կապվա՞ծ է Ռոբերտ Քոչարյանի անձի եւ ԲՀԿ-ի վրա նրա ազդեցության հետ` նա պատասխանեց. «Ես կայացրել եմ  իմ քաղաքական որոշումը մտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, հասնել իրավիճակի փոփոխությունների եւ այդ ճանապարհով գնալու եմ»:

Վարդան Օսկանյանը հայտնել է, որ ինքը նորմալ, լավ հարաբերությունների մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հարցին` հաշվի առնելով ձեր հարաբերությունները, չե՞ք ասի` հնարավոր համարո՞ւմ եք նրա վերադարձը, նրա կարիքը կա՞ այսօր քաղաքականությունում` պարոն Օսկանյանը պատասխանեց, որ չի ուզում մեկնաբանել մի բան, որի մասին որեւէ հայտարարություն կոնկրետ այդ անձի կողմից չի արվել. «Այսօր մենք գնում ենք խորհրդարանական ընտրությունների, ուզում ենք այդ ընտրությունների միջոցով Հայաստանում իրավիճակ փոխել, հակակշիռներ ստեղծել եւ պիտի կենտրոնանաք դրա վրա: Իմ հիմնական նպատակն այսօր դա է»:

Այն հարցին, թե ինչո՞ւ եք քննադատում ներքին քաղաքականությունը` լինելով միայն արտաքին քաղաքականության մասնագետ` պարոն Օսկանյանը պատասխանեց. «Ես քաղաքական գործիչ եմ այսօր եւ հայտ եմ ներկայացրել խորհրդարանական ընտրությունների միջոցով պատգամավոր լինելու, այնպես որ, այդ դաշտը բաց է,եւ բոլոր խնդիրները, որոնք այսօր հուզում են մեր հասարակությանը՝ կլինեն իմ ուշադրության կենտրոնում»: Այն դիտարկմանը, որ ԲՀԿ-ից անընդհատ ձեր հայտարարությունների հետ կապված ասում են, որ դա ձեր անձնական կարծիքն է, ոչ թե կուսակցության` Վարդան Օսկանյանի պատասխանը անակնկալ էր. «Ես այդպիսի բան չեմ լսել»:

Հարցին, ԲՀԿ-ն ի՞նչ հավակնություններ ունի այս ընտրություններից, որովհետեւ շատերն ասում են, որ մեծամասնություն են կազմելու, նա պատասխանեց. «Ցանկացած քաղաքական կուսակցություն եթե չի հավակնում մեծամասնության, դա քաղաքական կուսակցություն չի, նշանակում է ինչ-որ այլ մեկի պատվերն է կատարում: ԲՀԿ-ն այսօր Հայաստանի ծանրակշիռ կուսակցություններից մեկն է, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ առաջատար կուսակցությունն է, ժողովուրդը ԲՀԿ-ի հետ մեծ հույսեր է կապում, եւ մենք գնում ենք հաղթելու, մեծամասնություն կազմելու»:

Միասնական շտաբի ձեւավորման հետ կապված մենք հետաքրքրվեցինք, թե, այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը չի՞ լինելու, պարոն Օսկանյանն ասաց, որ նման խնդիր դրված չէ իր առաջ: Իսկ թե ե՞րբ կհամարի, որ նման խնդիր արդեն դրվել է` նա պատասխանեց. «Հիմա գործընթացը գնում է: Հիմա մենք համարում ենք, որ բոլոր ստորագրությունները ուժի մեջ են, շտաբն իր աշխատանքներն արդեն սկսել է, արդեն ընդունվել են շտաբի գործառույթները եւ կարելի է համարել, որ շտաբը գործում է»:

Քանի որ մտավախություն կա, որ այս ամբողջ գործընթացներից հետո մի օր կարող է ԲՀԿ-ն հայտարարի, որ սա եղել է զուտ Վարդան Օսկանյանի անձնական դիրքորոշումն ու նախաձեռնությունը, մենք ճշտեցինք` գոնե միասնական շտաբի հետ կապված Գագիկ Ծառուկյանը որեւէ դիրքորոշում հստակ հայտնե՞լ է, համաձայնություն տվե՞լ է: Պարոն Օսկանյանը պատասխանեց. «Եթե ինձ լիազորել է, համարեք, որ համաձայնություն տվել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30