«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փորձագետներն այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում ներկայացրին «Խոսքի ազատությու՞ն, թե դեֆամացիա. որտե՞ղ է հավասարակշռությունը» ծրագրի շրջանակներում իրականացրած ուսումնասիրության արդյունքները:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու իրավաբան, փորձագետ Արա Ղազարյանը խոսեցին զրպարտության եւ վիրավորանքի հիմքերով դատական գործերի մոնիթորինգից: Վերջինս ընդգրկում է զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատվության ապաքրեականացման պահից՝ 2010-ի մայիսից մինչ 2012-ի հունվարն ընկած ժամանակաշրջանը: Ուսումնասիրվել են 44 գործով քաղաքացիական դատավարություններ, որոնց շրջանակներում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք զրպարտության եւ վիրավորանքի հիմքերով դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների: Հայցվորների մեջ եղել են 18 սովորական քաղաքացի, 9 պետական պաշտոնյա եւ 1 պետական կազմակերպություն, 10 քաղաքական գործիչ, 2 կրոնական կազմակերպություն, 1 լրատվական գործակալություն, 4 դատական գործ՝ երկու փաստաբանների կողմից, 2 հանրային դեմք (ՀՀ նախկին նախագահի ընտանիքի անդամներ), ովքեր միասին հարուցել են 2 դատական գործ եւ այլն:
Ուսումնասիրության հեղինակները պարզել են, որ ամենաշատ հայցվող (44 գործերից 38-ում) իրավական պաշտպանության միջոցը հանդիսացել է զրպարտության կամ վիրավորանքի դիմաց դրամական փոխհատուցման պահանջը, այնուհետեւ հերքումը (գործերից 32-ում), դրան հաջորդում է դատական ծախսերի փոխհատուցման (25), ապա վիրավորանքի դիմաց ներողություն խնդրելու պահանջը (10): Պատասխանի հնարավորություն հայցվել է 7 գործով, իսկ վճռի հրապարակման պահանջ՝ 4:
Կարդացեք նաև
Հիմնական դրամական պահանջները տատանվել են 2-4 մլն դրամի սահմաններում: Ընդ որում ամենաբարձր փոխհատուցման պահանջը հանդիսացել է փաստաբան Արթուր Գրիգորյանի կողմից ներկայացված 18 մլն դրամի պահանջը, ամենացածրը՝ Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանինը (1 լումա):
Արա Ղազարյանը փաստում է, որ ավելի մեծացել է վեճերը արտադատական կարգավորման եղանակներով լուծելու ձգտումը, ավելացել է այն գործերի թիվը, որոնցում խնդրի լուծումը կողմերը տեսնում են ավելի շատ լրագրողական էթիկայի, քան օրենքի դաշտում: Նա նաեւ տրամաբանական է համարում, որ հանրային դեմքի կամ շոու-բիզնեսի ներկայացուցիչների դեպքում դրամական փոխհատուցման չափը ավելի լինի, մինչդեռ հակառակն է. «Խոսքը վերաբերում է հատկապես շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք առանց այն էլ փոքր դոզաներով իրենց անձնական կյանքը տարածում են»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ