«Սիվիլիթաս» հիմնադրամի այսօր կազմակերպած քննարկման ժամանակ «Միավորված հայեր» կուսակցությունից Աշոտ Երանոսյանը հարցին` ինչպե՞ս պայքարել ստվերի դեմ, ասաց. «Մենք ելնում ենք այն իրավիճակից, որ ինչ ունենք, դա էլ կա: Ազատականացված տնտեսության գրավականը ազատ մրցակցությունն է: Մենք կարծում ենք, որ առաջին հերթին մրցակցային առավելություն ստեղծելն է լուծումը»:
«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ ստվերի դեմ պայքարի համար քաղաքական կամքը կարեւոր է, եւ հիշեցրեց, որ 2008-ից հետո իշխանությունը ՓՄՁ-ներին իր կողմը ձգելու համար մաքսային կետերում կաշառակերությունը վերացրեց մի քանի ամսով, սակայն հետո, երբ «հայ-թուրքականի հետ կապված, ակտիվ քաղաքացիները ուղարկվեցին տուն, որ չխանգարեն գործընթացին», արագորեն իրավիճակը վերադարձավ նախկինին:
Արա Նռանյանն էլ հայտարարեց, որ «ստվերն ամենուրեք է, բոլորը ստվերի մեջ են, ցանկացած հիմնարկ, որն ուզում եք մտեք եւ ստվեր կա, նրանք, ովքեր փորձեն աշխատել առանց ստվերի` կկորչեն նրանց դեմ, ովքեր աշխատում են առանց ստվերի: Բոլորը ստվերի մեջ են, եթե մեկը անցնի եւ մեկ-երկուսը ազնիվ լինեն, անցնեն ոչ ստվերային` միանգամից կփակվեն: Միայն եթե խաղի կանոնները նույնը լինեն բոլորի համար, այդ դեպքում կարելի է վերացնել ստվերը»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ