ԱՄՆ-ի «Գուանտանամո բեյ» ռազմածովային բազայի ռազմական դատարանի գլխավոր դատավորը որոշում է կայացրել մայիս ամսվա սկզբին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչներին մեղադրանք ներկայացնելու մասին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ ռազմական դատավոր Ջեմս Փոլը «ալ-Քայիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալներին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ մասնակցելու պաշտոնական մեղադրանք կներկայացնի մայիսի 5-ին՝ շաբաթ օրը կայանալիք նիստի ընթացքում:
Կասկածյալների դատապաշտպանները կարող են դատական նիստի հետաձգում հայցել:
Կասկածյալների թվում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակումների ինքնահռչակ հեղինակ և ղեկավար Խալիդ Շեյխ Մոհամեդը և չորս այլ անձինք, որոնք մեղադրվում են ահաբեկչության, օդանավի առևանգման, դավադրություն կազմակերպելու, մարդասպանության և այլ հանցագործություններ իրականացնելու մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում կասկածյալներին մահապատիժ է սպառնում:
Կարդացեք նաև
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության համաձայն, բացի փաստաբաններից, մեղադրյալների դատական պաշտպանությանն օժանդակելու է ևս հինգ փաստաբան, որոնք ունեն հատուկ գիտելիքներ ու փորձ մահապատժի գործերով:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախկինում խոստացել էր մեղադրյալների դատավարությունն անցկացնել քաղաքացիական դատարանում, սակայն անցյալ տարի փոխել է իր որոշումն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի օրենսդիրներն ընդունել են ահաբեկչական գործունեության իրականացման մեջ մեղադրվող անձանց տեղափոխությունն ԱՄՆ-ի տարածք արգելող օրենքը:
Իրավապաշտպան կազմակերպությունները խիստ քննադատության են ենթարկել կասկածյալների դատավարությունը ռազմական, այլ ոչ թե քաղաքացիական դատարանում իրականացնելու հանգամանքը:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»