Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրարշավի 5 մասնակից խուսափել էին բանավեճից

Ապրիլ 11,2012 15:14


Քարոզարշավի 4 շաբաթվա ընթացքում «Սիվիլիթաս» հիմնադրամը կկազմակերպի 4 բանավեճ, որոնց հրավիրված են խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր ինը քաղաքական ուժերը: Այսօր առաջին բանավեճն էր, որին մասնակցում էին «Ժառանգության», ՀՅԴ-ի, «Միավորված հայերի» եւ Կոմկուսի ներկայացուցիչները: ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն չէին եկել՝ առանց որեւէ պատճառաբանության, ՀՀԿ-ն չէր եկել, քանի որ հայտարարել է, որ քարոզարշավի այս փուլում չի մասնակցելու բանավեճերի, ՀԱԿ-ը չէր եկել, բայց ուղարկել էր իր հայտարարություն-պարզաբանումը, ըստ որի՝ չի մասնակցում բանավեճին, քանի որ «իր միակ թիրախը ՀՀԿ-ն է», իսկ եթե ՀՀԿ-ն չի ներկայացել, իրենք էլ չեն մասնակցելու: Այս կապակցությամբ «Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանն ակնարկեց, որ վատ չէր լինի, եթե հիմնական թիրախը ժողովուրդը լիներ, եւ ՀԱԿ-ն իր գործողությունները չպայմանավորեր այլ քաղաքական ուժի գործողություններով:

«Միավորված հայեր» կուսակցությունից Աշոտ Երանոսյանը բանավեճը վարողի հարցին` քանի՞ անդամ ունի ձեր կուսակցությունը եւ արդյոք դուք լրջորեն հավակնում եք հաղթահարել 5%-ի շեմը, պատասխանեց. «Մենք ունենք ընդամենը հինգ հազար մարդ, բայց իսկական կուսակցականներ են, ուռճացված չենք»:

Իսկ Կոմկուսից հանդես եկող Վազգեն Սաֆարյանը վստահեցնում էր, որ եթե իրենք անցնեն խորհրդարան` «գոնե գաղափարական պայքար կլինի»:

Տնտեսական ոլորտին անցնելով` ՀՅԴ ներկայացուցիչ Արա Նռանյանը, նկարագրելով ՀՀ տնտեսության ներկայիս վիճակը, ասաց. «Հայաստանում նեոլիբերալիզմ է, որը կապ չունի ազատ շուկայական հարաբերությունների հետ, ՀՀ տնտեսությունը որեւէ կապ չունի ժամանակակից շուկայական տնտեսությունների հետ: Այն ինչ առաջարկում է դաշնակցությունը, բնորոշ է զարգացած եւ զարգացող երկրներին: Կառավարությանն առաջարկ ենք անում, չեն ընդունում, ասելով, որ սոցիալիստական է: Ամենաշատ ծրագրերը ներկայացրել է ՀՅԴ-ն: Ամեն տարի ներկայացրել ենք այլընտրանքային բյուջետային քաղաքականություն: Կառավարությունն իր ամբողջ ապարատով չի կարողացել մրցակցել մեր առաջարկների հետ»:
Արմեն Մարտիրոսյանն էլ հավելեց, որ Հայաստանում ոչ կապիտալիզմ է, ոչ ֆեոդալիզմ, խառնիճաղանջ վիճակ է` ֆեոդալիզմ, վայրի կապիտալիզմ եւ այլն, որն արդյունքում վերածվում է ինչ-որ օլիգոպոլ վիճակի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30