Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաստեղծ Արտեմ Հարությունյան. Չպետք է հեծանիվ հորինել, երբ երկնքում Boing է թռչում

Ապրիլ 11,2012 15:03

Գրողների համահայկական 6-րդ համագումարին ընդառաջ՝ «Հենարան» ակումբում լրագրողներին այսօր հանդիպեցին ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ու բանաստեղծ Արտեմ Հարությունյանը:

«Քաղաքական գարունն այս տարի նաեւ գրական-մշակութային է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս տարի Երեւանն է հռչակել՝ որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք: Երեւանը 12-րդ քաղաքն է, որ կրում է այդ տիտղոսը: Ամեն տարի Հայաստանում շուրջ 2000 անուն գիրք է հրատարակվում: Դա բարձր ցուցանիշ է, իսկ ընթերցողների քանակն արդեն այլ ցուցանիշ է: Գրողների միությունն ամեն ինչ անում է, որ ընթերցողների թիվը մեծանա, որ չփոշիանան այն գումարները, որոնք տրամադրվել են մեզ՝ գիրք հրատարակելու եւ մարդուն ընթերցանության մղելու համար»,-իր խոսքում նշեց Լեւոն Անանյանը: Նաեւ հավելեց. «Մինչեւ 2013-թ. ապրիլի 22-ը պետք է նոր գրքեր հրատարակենք, ապրիլի 21-ին Գաֆեսճեան սրահում տեղի կունենա հայ գրքի ցուցադրություն, 22-ին Մատենադարանին հարակից տարածքում Բուենոս-Այրեսից պաշտոնապես մեզ կփոխանցվի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը, որը կուղեկցվի լազերային շոուով, 23-ին ծրագրել ենք «Մշո ճառընտիր» արձանի բացումը: Բայց մինչ այդ ամենը, ապրիլի 20-ին «Առնո Բաբաջանյան» սրահում կմեկնարկի հայ գրողների 6-րդ համաժողովը, որին մասնակցելու են ինչպես սփյուռքահայ, այնպես էլ ԼՂՀ-ն ներկայացնող գրողներ: Սա հրաշալի առիթ է աշխարհասփյուռ հայ գրողներին մեկ հարկի տակ հավաքելու, հայ գրականության խնդիրները համատեղ լուծելու համար»:

Արտեմ Հարությունյանն էլ իր խոսքում նշեց, որ ողջունում է Հայաստանում գրական տեղաշարժերը: «Մեծ գրողն իր ստեղծագործությամբ մի ամբողջ հանրապետություն է, ինչպես ասում ենք՝ Շեքսպիր ու հասկանում Անգլիա: Ես, իհարկե, ուրախ եմ, որ գրականության ասպարեզում զարգացում ապրում ենք, բայց եւ գտնում եմ, որ գրողը պետք է լինի իր ժամանակի շունչը, ունենա հստակ նպատակ ու ասելիք, գրի ոչ թե գրելու համար, այլ իր ասելիքը սերնդին փոխանցելու, արժեք ստանալու համար: Այո, ներշնչանք կա, բայց ես մերժում եմ իռացիոնալ ներշնչանքը: Մարդկանց նորություն է պետք: Ժամանակակից մարդը չպետք է հորինի հեծանիվ, երբ երկնքում Boing է թռչում»:

Գոհարիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30