Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
«Փյունիկի հետ համագործակցությունը տարիների փորձ ունի: Իսկ այսօրվա հուշագիրը ամբողջացնում է այն»,- ասաց ԿԳ նախարարը: Իսկ Լևոն Սարգսյանն էլ հայտարարեց, որ իրենց աշխատանքները կրթության եւ գիտության նախարարության հետ շարունակական են լինելու:
Հուշագրի ստորագրումից հետո «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը և ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը բացեցին նոր համակարգչային լսարան, որը վերանորոգվել էր «Փյունիկի» միջոցներով:
«Առավոտի» հետ զրույցում ռեկտորն ասաց, որ ուսանողների համար սա լավ հնարավորություն է լսել առանձին դասախոսություններ. «Քանի որ կա ինտերնետ, ուսանողները հնարավորություն կունենան նաև իրենց ազատ ժամանակն անցկացնել համակարգիչների առջև: Նման լսարանների առկայությունը կնպաստի ուսման որակի լավացմանը»:
Կարդացեք նաև
«Առավոտի» այն հարցին, թե ինչու է քարոզարշավի շրջանում սկսել ավելի հաճախ երևալ եւ մտավախություն չունի՞, թե դա կարող է դիտվել իբրև ՀՀԿ-ի քարոզչություն, ՀՀ նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանը պատասխանեց. «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը միշտ էլ արել է նմանատիպ միջոցառումներ, և սա էլ կապ չունի քարոզարշավի հետ, մանավանդ ինքս հանրապետական չեմ»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ