«Ձեր ձայնը գործիք է: Ճիշտ այնպիսին, որպիսին դուք օգտագործում եք գյուղատնտեսական աշխատանքներում ու այդ գործիքի շնորհիվ մեր պետությունը պետք է զարգանա: Այդ գործիքի նկատմամբ պետք է լինեք հոգատար, զգույշ, պետք է իմանաք՝ ում եք տալիս այդ գործիքը, ինչի համար եք օգտագործում»,- Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նաեւ ասաց, որ քարոզարշավի ընթացքում հնչած բոլոր խոստումները մարդիկ պետք է դիտարկեն որպես ոչ պարտադիր կատարման պայման: Նախագահը նկատի ուներ, որ կլինեն կենսաթոշակները կրկնակի, եռակի բարձրացնելու, ուսուցիչների աշխատավարձերը տասն անգամ բարձրացնելու, գյուղացիներին անտոկոս վարկեր տրամադրելու եւ համանման այլ խոստումներ, բայց չպետք է դրանք հալած յուղի տեղ ընդունել: «Մեզանից յուրաքանչյուրը կարող է ժամերով խոստումներ տալ, բայց նայեք՝ այդ խոստում տվողի անցած ճանապարհը արդյոք վստահությո՞ւն է ներշնչում»,- ասաց ՀՀ նախագահը եւ կոչ արեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին քվեարկության գնալ առաջնորդվելով այն գիտակցությամբ, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ վաղը:
Հետաքրքիր է, որ խորհրդարանական ընտրություններին քաղաքացիական գիտակցումով մոտենալու կոչեր է հնչեցնում նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Հանրապետության նախագահը ասաց նաեւ, որ ինքը քաջածանոթ է գյուղի հոգսերին, առկա խնդիրներին: Ասաց, որ առաջիկայում էլ Հանրապետականը փորձելու է անել ամենը, որպեսզի գյուղի կենցաղն ու առօրյան առավել բարեկեցիկ դառնան:
Կարդացեք նաև
Կոնկրետ խոստումներ՝ դպրոց վերանորոգելու, ոռոգման ջրի սակագինը իջեցնելու եւ այլն, նախագահը չտվեց: Ասաց, որ ունենալով ժողովրդի վստահությունն ու հավատը, Հանրապետականը ջանալու է փոխել մարդկանց կյանքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ