Այս օրերին հայաստանցի եւ հայազգի շախմատիստներն աշխարհի տարբեր ծայրերում մասնակցում են միջազգային մրցաշարերի, որոնց մի մասն արդեն ավարտվել է, մյուսները դեռ շարունակվում են կամ նոր են մեկնարկել:
Բրազիլիայում բնակվող Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Ֆորտալեզա քաղաքում անցկացված բաց մրցաշարում յոթ հնարավորից վաստակելով 6,0 միավոր՝ գրավեց առաջին տեղը: Նա լրացուցիչ գործակիցներով գերազանցեց պարագվայցի Կուբասին եւ բրազիլացի Դեբսին:
Հայաստանցի միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Լոս Անջելեսում եզրագիծը հատած 17-րդ Մետրոպոլիտեն մրցաշարում ինը հնարավորությունից կորցրել է 1,5 միավոր եւ ճանաչվել հաղթող: Այստեղ էլ նրան լրացուցիչ գործակիցներով զիջեց ռուսաստանցի Յանկովսկին:
Կարդացեք նաև
Ֆիլադելֆիայում պայքարն ավարտեցին միջազգային բաց մրցաշարի մասնակիցները: Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (լուսանկարում) ինը հնարավորից 6,5 միավորով բավարարվեց երկրորդ տեղով:
Լոոյում մեկնարկել է շախմատի Ռուսաստանի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին մասնակցող թիմերում հանդես են գալիս 11 հայ շախմատիստներ: Մասնավորապես, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը «Սանկտ Պետերբուրգի» առաջատարներից է, իսկ Դեսնոգրադի «Ատոմ» թիմի վեց անդամներից հինգը՝ Պողոս Նահապետյանը, Բենիամին Գալստյանը, Վարդգես Թովմասյանը. Սարգիս Մանուկյանը եւ Գեորգի Պողոսյանը մեր հայրենակիցներն են:
Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը, որ հանդես է գալիս Չեխիայի դրոշի ներքո, Գերմանիայի Նորդերշտադտ քաղաքում ավարտված օփենում հանգրվանել է իններորդ հորիզոնականում: Նա ինը հնարավորությունից իր անվան առջեւ գրանցել է 6,5 միավոր:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ