Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանին մատուցենք Անրի Վերնոյին

Ապրիլ 11,2012 14:09

Բաց նամակ Երեւանի քաղաքապետին

 

Ա. Վերնոյը երբեք չի մոռացել իր հայկական ծագումը:

Մեր ժողովուրդը հզոր է եւ անպարտելի ոչ միայն իր 20-ամյա պետությամբ եւ կերտած հաղթանակներով, այլեւ՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող եւ արարող իր հայրենակիցներով: Նրանց կողմից ստեղծվեցին հայի կնիքով համաշխարհային արժեքներ ներկայացնող ստեղծագործություններ տարբեր ոլորտներում (գրականություն, երաժշտություն, արվեստ, ճարտարապետություն, կինո եւ այլն): Նրանք բոլորն էլ, լինելով տարբեր երկրների ծնունդներ եւ իրենց մեջ կրելով տարբեր քաղաքակրթություններ, ունեն մեկ ընդհանրություն՝ նրանք բոլորը ծագումով հայ են, նրանց մեջ է հայի գենը, ուրեմն նաեւ նրանց ստեղծագործությունների մեջ է հայկականը:

Այսպես, ուրեմն, Օսմանյան կայսրության Ռոդոստո քաղաքում ծնված՝ համաշխարհային եւ ֆրանսիական կինոարվեստի մեծագույն ներկայացուցիչ, ֆրանսահայ լեգենդար կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) իր բեղմնավոր կյանքի 83 տարիների ընթացքում Ֆրանսիայում պարգեւատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով, երկու անգամ ստացել Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակը երկու անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն սցենար» (1980) եւ կինոյում ունեցած նվաճումների համար (1996): 1954թ. արժանացել է Լոկարնոյի փառատոնի Գլխավոր մրցանակին, իսկ 1956թ.՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին՝ «Լավագույն ինքնատիպ սցենար» անվանակարգում:

Չնայած բազմազբաղ ու տքնաջան աշխատանքին, Անրի Վերնոյը միշտ էլ ժամանակ է գտել՝ շփվելու Ֆրանսիայի հայ համայնքի հետ, ոգեկոչել հայրենակիցներին, խրախուսել՝ հավատարիմ մնալ իրենց արմատներին: Մինչ կինոաշխարհ մուտք գործելը՝ լրագրությամբ զբաղվելու տարիներին, ուսումնասիրել եւ նյութեր է պատրաստել Հայոց ցեղասպանության մասին:

Առաջին անգամ Հայաստան է այցելել 1980թ. եւ ականատեսների վկայությամբ՝ մեծապես տպավորվել է իր ժողովրդի հետ ունեցած հանդիպումներից: Անրի Վերնոյը խոսել է հրաշալի հայերենով եւ մի առիթով այսպես է արտահայտվել. «Ես կարդում, գրում եմ հայերեն: Երբ հաջողվում է 2-3 օր իրար հետեւից խոսել մայրենի լեզվով, ապա իմ հայերենը դառնում է պարզ ու մաքուր: Հինգ տարեկանից մոմ եմ բռնել հայկական եկեղեցիներում: Իսկ եկեղեցին միայն հավատ չէ, այն նաեւ մշակույթ է: Երգել եմ մեր մեծ Կոմիտասի պատարագը: Եվ եթե ես հայ եկեղեցու զավակն եմ, նշանակում է՝ զավակն եմ նաեւ հայ մշակույթի»:

Մեծանուն հայի, աշխարհահռչակ կինոռեժիսորի աշխատանքի լավագույն գնահատականներից մեկը տվել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆիլիպ Դոստ Բլադին. «Մեզանից շատերը համարյա ոչինչ չգիտեին 1915թ. Հայոց ցեղասպանության մասին: Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը մեզ հնարավորություն տվեց հանդիպելու անցյալի ողբերգական իրադարձություններին»:

Անրի Վերնոյը, պատասխանելով կինոքննադատների եւ հանդիսատեսի հարցերին, նշել է. «Այս ֆիլմն իմ ընտանիքի մասին է, իմ ժողովրդի, սա իմ պարտքն է մայրիկիս առջեւ: Գիտեք, ինչ է նշանակում հոգու պարտք: Հրաժարվել արմատներից՝ նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից»:

Հարգելի քաղաքապետ, այժմ եկել է հայ ժողովրդի եւ մեր պետության հոգու պարտքն անվանի կինոռեժիսորին մատուցելու ժամանակը:

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելյուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանի, բազմաթիվ սփյուռքահայերի, ինչպես նաեւ հարցով մտահոգ պատկան մարմինների կողմից հնչեցված առաջարկությունների շնորհիվ Անրի Վերնոյի անվամբ Երեւան քաղաքում որեւէ փողոց անվանակոչելու վերաբերյալ հարցը դրվել է Երեւանի ավագանու առողջապահության, սոցիալական պաշտպանության, արտաքին կապերի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը, այնուհետեւ նշվել, որ կներկայացվի Երեւանի ավագանու քննարկմանը: Պարզ չէ, թե վերջնական ինչ որոշում է կայացվել:

Շուտով «Ոսկե ծիրան-2012» կինոփառատոնին մասնակցելու նպատակով Հայրենիք կժամանի արվեստագետի ընտանիքը՝ որդու՝ Պատրիկ Մալաքյանի գլխավորությամբ: Կինոթատրոնների ու հեռուստատեսության էկրաններից կրկին պիտի հնչի Անրի Վերնոյի անունը, անշուշտ կցուցադրվեն նրա ֆիլմերը:

 

Հարգելի քաղաքապետ, առաջարկում եմ այդ այցի ժամանակ Երեւանի փողոցներից, պուրակներից կամ ճեմուղիներից մեկը անվանակոչել Անրի Վերնոյի անունով: Ինչպես ժամանակին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն է նշել. «Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»:

«Մայրիկ» ֆիլմով Անրի Վերնոյը նաեւ հայկական կինոյի լեգենդն է, ես կասեի՝ հայկական ֆենոմենը վեր հանող լեգենդը: Ուրեմն մեծարենք եւ արժանին մատուցենք հայազգի կինոռեժիսորին եւ նրա ժառանգներին, ովքեր այսօր էլ շարունակում են իրենց լուման անմնացորդ ներդնել Ֆրանսիայի հայ համայնքի պահպանման, եւ ըստ արժանվույն ներկայացնելու դժվարին գործում:

ԷՎԵԼԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Ֆրանսահայ բարերարներ Արծրուն
եւ Էլիզ Չերպաշյանների թոռնուհի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30