Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունից ընտրություն Հայաստան այցելող դիրիժորը

Ապրիլ 11,2012 14:05

Լյուք Բաղդասարյանը  իր գրադարանը հարստացրել է հայ կոմպոզիտորների երկերով

Հայաստանում է շվեյցարաբնակ ճանաչված դիրիժոր Լյուք Բաղդասարյանը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 14-ին նա կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ):

Ստացվել է այնպես, որ նրա այցերը Հայաստան համընկնում են ԱԺ ընտրություններին: Իտալիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ այլ երկրների առաջատար նվագախմբերի ցանկալի հյուր մեր հայրենակցի հետ «Առավոտը» զրույցը սկսեց կատակելով՝ զուգադիպություն չի՞ տեսնում իր այցերի եւ Հայաստանի քաղաքական միջոցառումների միջեւ: Լյուք Բաղդասարյանն էլ ընդամենը ժպիտով ասաց, թե համոզված է, որ հայերը ամեն ինչում ճիշտ ընտրություն անել գիտեն, հետո էլ հավելեց. «Նախորդ այցիս ժամանակ համաշխարհային տնտեսական ճգնաժամ չկար: Իսկ եթե դա զգացվում է արեւմուտքում, դժվար չէ պատկերացնել, թե Հայաստանում ինչքան խորը կլինի այն…»: Ասվածը հաստատեց սեփական օրինակով. «Համերգների պակաս, ճիշտ է, չեմ զգում, սակայն վերջին երկու տարում, կոնկրետ՝ Իտալիա հյուրախաղերս 5-ից նվազել են 1-ի եւ այլն»:

Հինգ տարի առաջ մեզ հետ զրույցում դիրիժորը հայտնել էր, թե իր երկացանկը ընդգրկուն է՝ Բախից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորներ (առանց հայ հեղինակների) եւ, անկասկած, Կոմիտաս: Այս անգամ նույն հարցով մեր հետաքրքրությանը, մաեստրո Բաղդասարյանը դարձյալ չնշելով որեւէ հայ ժամանակակից կոմպոզիտորի անուն՝ հայտնեց. «Գրադարանս հարստացրել եմ մերօրյա հայ կոմպոզիտորների երկերով եւ խոստանում եմ ամենամոտ ապագայում Եվրոպայում հնչեցնել մերօրյա մեկ-երկու հայ կոմպոզիտորի ստեղծագործություն»:

Արվեստագետից հետաքրքրվեցինք՝ արեւմուտքում, իրենից բացի, հայազգի ո՞ր դիրիժորների անուններն են հաճախ հնչում: Մեր զրուցակիցը հայտնեց Ջորջ Փահլեւանյանի եւ Կոնստանտին Օրբելյան-կրտսերի անունները՝ հավելելով, թե հպարտանում է, երբ ՀՊՖՆ-ի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի անունն էլ վերջին շրջանում հոլովվում է եվրոպական ԶԼՄ-ներում, փաստելով վերջին 5 տարիների ընթացքում հայաստանցի դիրիժորի ելույթները Հռոմում, Իսպանիայում, Ճապոնիայում, Չեխիայում՝ ինչպես արտերկրյա, այնպես էլ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ:

Հարցին՝ բազմազբաղ արվեստագետը երբեմն մտաբերո՞ւմ է 25 տարի առաջ՝ դիրիժորական կարիերայի սկզբում ո՞վ էր այն անհատը կամ գուցե իրավիճակը, որոնք դեր խաղացին իր՝ իբրեւ արվեստագետի կայացման համար, Լյուք Բաղդասարյանը նշեց Գրենխենի եւ Վիեննայի միջազգային մրցույթներին իր մասնակցության մասին (երկուսում էլ շահել է առաջին մրցանակ) եւ անվանի մանկավարժներ Կարլ Օստերայխերի եւ Էրվին Աչելի անունները, որոնցից ստացել է վարպետության դասեր: Առանձնահատուկ շեշտեց Ֆլորենցիայում եւ Միլանում հանդիպումը մեծանուն Կառլո Մարիա Ջուլինիի հետ, ով, դիրիժորի խոսքերով՝ նույնիսկ «փակ» դռներ բացեց իր առջեւ:

Լյուք Բաղդասարյանի հետ մեր նախորդ հանդիպումից հետո փոփոխություն կա նրա անձնական կյանքում: «Մոտ ժամանակներս պատրաստվում եմ հետագա կյանքս կապել Ռոմանական Շվեյցարիայի նվագախմբի կոնցերտմայստերի՝ բելգիացի հմայիչ մի կնոջ հետ»,- ասաց դիրիժորը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30