Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամի վերջին խոսքը

Ապրիլ 11,2012 14:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց Գագիկ Սաֆարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը:

Գագիկ Սաֆարյանը մեղադրվում էր խարդախության համար. 21 000 դոլար վերցնելու եւ դրա միջոցով Սամվել Կոստանյանի որդուն բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելու համար:

Սամվելի որդին բուհ ընդունվել է, բայց ոչ այն բուհը, որի համար նրա ընկերոջ միջոցով գումար էր տրվել Գագիկ Սաֆարյանին:

Մեղադրող Արմեն Բոշնաղյանը պահանջել է 6 տարվա ազատազրկում:

Գագիկ Սաֆարյանը հանդես կավ պաշտպանական ճառով:

Նա ասաց, որ չի ընդունում մեղադրանքը, քանի որ ինքը պարտքուպահանջ չունի: Ավելին, կրկնակի անգամ վճարել է տուժողին, բայց ոչ թե՝ որ պարտք է նրան, այլ՝ որ տվել է իր ընկերոջ պարտքի գումարը:

«Սխալս այն էր, որ ստացական կամ գիր չեմ պահանջել նրանից»,- ասաց նա:

«Չգիտեմ՝ ինչ վճիռ է ինձ սպասվում, բայց կարող եմ ասել, որ հայտնվել եմ գերու կամ պատանդի վիճակում: Իմ անմեղությունը պիտի ապացուցեմ մինչեւ վերջ: Ինչ եմ կորցնում անցյալ տարվանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվելով. 40 կգ անձնական քաշս, 2 անչափահաս երեխա եւ խնամքիս տակ գտնվող ընտանիքիս, 30 հազար դոլար գումարս: Ես չեմ կատարել այն արարքը»,- ասաց Գ. Սաֆարյանը:

Նա ներկայացրեց իրեն, որ «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ է եղել, 1990-91թթ. կառավարության օպերատիվ շտաբի ներկայացուցիչ, Արցախի ազգային խորհրդի անդամ, «Փյունիկ» ֆուտբոլային թիմի նախկին տնօրեն:

Նկարագրեց, թե ինչպես է իրեն 2009թ. օգոստոսի 24-ին ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել խարդախության համար:

2010թ. մայիսի 13-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել է 2 տարվա պայմանական ազատազրկման:

Ըստ Գ. Սաֆարյանի, իրեն ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է առանց հիմնավոր մեղադրանքի: Եվ որ իր գործով քննիչ, ԱԱԾ փոխգնդապետ, վարչության պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանը կաշառք վերցնելու համար ($7000, Ուջան գյուղի բնակիչ Տիգրան Պետրոսյանից) արդեն դատապարտվել է եւ գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:

Նա հայտարարեց, որ ինքը անձնական վրեժխնդրության զոհ է, որ իր նկատմամբ վրեժ է լուծել ԱԱԾ գեներալ Զավեն Նանյանը, որն, ի դեպ, 2010թ. հունվարին հեռացվել է ԱԱԾ համակարգից՝ պետական միջոցները վատնելու մեղադրանքով:

Գ. Սաֆարյանն ասաց, որ կյանքի գնով պատրաստ է ապացուցելու, որ ինքն արդար է, եթե անգամ իր նկատմամբ ազատազրկման դատավճիռ կայացվի:

Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

Գագիկ Սաֆարյանին դատարանը դատապարտեց 5 տարվա ազատազրկման:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30