Լրահոս
Օրվա լրահոսը

Ալյուր, կատարակտի վիրահատություն, բոմբոներկա՝ որպես ընտրակաշառք և մահացած մարդիկ՝ որպես ընտրող

Ապրիլ 11,2012 13:52

Ք. Երևան, Աջափնյակ համայնք, տեղամաս` 6/34, հասցե` Նազարբեկյան թ. 15շ. բն.1 ընտրող`Համբարձումյան Համբարձում Յուրիկի 17.08.1962 մահացած է:

ԲՀԿ-ն` որպես ընտրակաշառք անվճար բուժծառայություններ և դեղորայք, ալյուր է բաժանում մարզերի գյուղացիներին: ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Շրջանի Արևաշող գյուղի ընտրողների ցուցակը փակցված է ոչ թե ընտրական տեղամասում, այլ ՀՀԿ նախընտրական շտաբի վրա: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքն ընդգրկող որոշ համայնքներում բնակիչներին կոնֆետներ է (բոնբոներկա) բաժանվել տվյալ տարածքից ընտրված, գործող պատգամավոր Միքայել Վարդանյանի անունից: Տոնական քաղցրի հետ միասին եղել է նաև ապրիլյոթյան շնորհավորական բացիկ` գրված Վարդանյանի անունից: Բայց տոնական տոպրակում չէին մոռացել դնել նաև թիվ 40-ում առաջադրված թեկնածու Մարինե Մարաբյանի նախընտրական ծրագիրը: Մ. Մարաբյանը «Ինթերնեյշնլ մասիս տաբակ» ընկերության գործադիր տնօրենն է, անկուսակցական, նրան առաջադրել է ՀՀԿ-ն: Իսկ Միքայել Վարդանյանը նրան սատարելու մասին հայտարարել է բազմիցս:

ՀՀԿ քարոզարշավի մեկնարկի հանրահավաքից առաջ, Սերժ Սարգսյանի ժամանելու առիթով, ողջ օրը փակ է եղել կայարանամերձ հրապարակի շուկան:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մարզերում գյուղացիներին «աջակցում» է դեղամիջոցներով, նաև գումարներ է հատկացնում աչքի կատարակտի վիրահատության համար, որը չի հերքում նաև «Մեղվաբույծների ազգային միավորում» հ/կ նախագահ Թելման Նազարյանը:

Սրանք iditord.am կայքին քաղաքացիների կողմից ուղարկված շուրջ 100 ահազանգերից միայն մի քանիսն են: «ԻԴԻՏՈՐԴ» նախաձեռնությունը խորհրդարանական ընտրությունների ընթացքում քաղաքացիներին հնարավորություն է տալիս հեռախոսով, կամ օնլայն փոխանցել իրենց գրանցած խախտումները: Aravot.am-ի հետ զրույցում «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» հ/կ ծրագրի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը նշեց. «Այս մեխանիզմը քաղաքացուն հնարավորություն է տալիս հանդես գալ որպես դիտորդ: Ահազանգը նաև տեղադրվում է քարտեզի վրա և պարզ է դառնում, թե այն որ մարզից կամ մայրաքաղաքի որ վարչական շրջանից է եկել:  Նաև տեղադրվում է  քարտեզի վրա, թե որտեղ է եղել խախտումը»: Պարոն Մարտիրոսյանը ամփոփեց, որ մինչ այժմ գրանցված ահազանգերի մեծամասնությունը վերաբերում է ընտրացուցակների անճշտություններին և ընտրակաշառքներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30