Լրահոս
Օրվա լրահոսը

Մի օր շուտ գնար՝ ավելի գումար չէր վճարի

Ապրիլ 11,2012 13:44

«Օրանժը» վստահեցնում է, որ իրենք բաժանորդներին տեղեկացնում են պայմանագրով սահմանված կետերը 

Արարատի մարզի Տափերակ գյուղի բնակիչ Ֆելիքս Մինասյանը, իր իսկ խոսքերով ձեւակերպած՝ կենսաթոշակի մի մասը անտեղի վճարել է չօգտագործած ինտերնետի համար: Թոշակառուի պատմելով՝ 3 բջջային օպերատորներից գերադասել է օգտվել «Օրանժի» «Ինտերնետ-հիմա» ծառայությունից, բայց ընդամենը մեկ ամիս հետո տեսել է, որ կապն իրեն չի արդարացնում, քանի որ ինտերնետի խոստացած արագություն չեն ապահովել: Պարոն Մինասյանի խոսքերով՝ նախորդ տարվա հոկտեմբերին գնել է «Օրանժի» 6000 դրամանոց ինտերնետն առանց մոդեմի. «Բայց ինտերնետի արագությունը չէր գերազանցում 0.2մբ վայրկյանը, իսկ կեսօրից հետո ավելի էր վատանում: Ես նույնիսկ skype-ից չէի կարողանում օգտվել: Միայն տեղական մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներ էի հազիվ կարողանում կարդալ: Բայց ես բաժանորդ էի դարձել նորմալ ինտերնետ ունենալու ակնկալիքով: Իսկ երբ հասկացա, որ «Օրանժի» ինտերնետը ոչ էլ կլավանա, որոշեցի դադարեցնել պայմանագիրս: Իրենց գրասենյակում վստահեցրին, որ եթե մի օր շուտ դիմեի, մյուս ամսվա վճարը՝ 6000 դրամը, չէի կատարի, ու պայմանագիրն էլ կլուծարեին»: Ըստ Ֆելիքս Մինասյանի՝ որոշ ժամանակ հետո «Օրանժի» գրասենյակից նամակ է ստացել, որ պարտավոր է վճարել 18 հազար դրամ, հակառակ դեպքում այդ գումարը կբռնագանձվի դատարանի միջոցով, ընդ որում՝ դատարանի ծախսերն էլ բաժանորդն է կատարելու. «Անհասկանալի է, թե դա ո՞նց են հաշվարկել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ երբ դիմել էի, գոնե գային ստուգեին, թե ինչո՞ւ է իմ ինտերնետն այդքան վատ, պատասխանեցին՝ իբր գյուղերում չեն կարող ստուգել: Իսկ իրենց տրամադրած պայմանագրում ոչ մի կետ չկա իրենց պարտավորությունների մասին, կամ էլ թե՝ ո՞ր դեպքում բաժանորդն իրավունք ունի դադարեցնել պայմանագիրը: Այսինքն՝ սպառողը հասկանա, թե պայմանագիր կնքելուց ու այն դադարեցնելուց հետո իրեն ի՞նչ է սպասվում»:

Այս առնչությամբ «Օրանժ-Արմենիա» ընկերությունից այսպես պարզաբանեցին. «Բաժանորդը, որին վերաբերում է հարցը, կնքել է ինտերնետի բաժանորդային պայմանագիր 2011թ. հոկտեմբերի վերջին՝ առանց մոդեմ ձեռք բերելու եւ հետեւաբար՝ առանց բաժանորդ մնալու պարտավորության: Սա նշանակում է՝ եթե մատուցվող ծառայության որակը նրան չէր բավարարում, ապա կարող էր դադարեցնել պայմանագիրը առանց որեւէ այլ պարտավորության՝ այցելելով ցանկացած խանութ եւ լրացնելով համապատասխան ձեւը: Այս մասին կարելի է ծանոթանալ բաժանորդագրության «Ընդհանուր դրույթներ եւ պայմաններ»-ում, որը հասանելի է ինչպես Orange-ի բոլոր խանութներում, այնպես էլ մեր պաշտոնական վեբկայքում՝ հենց առաջին էջից (կետ 13.3 եւ 13.6): Ինչ վերաբերում է այն հարցին, որ ամսվա առաջին օրը նա արդեն չի կարողացել դադարեցնել պայմանագիրը՝ առանց վճարելու տվյալ ամսվա համար, ապա դա բնական է, քանի որ, ըստ մեր ինտերնետ ծառայության բնութագրի, ինտերնետի ծավալը բաժանորդի հաշվին է փոխանցվում յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, հետեւաբար պայմանագիրը դադարեցնելու դիմումը նա պետք է ներկայացներ նախորդող ամսվա ընթացքում, գոնե՝ վերջին օրը, ինչը, ցավոք, նա չի արել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30