«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը 2012թ. Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ այսօր ներկայացրեց քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող մոնիթորինգային տարբեր նախաձեռնություններ: Բոլոր այդ նախաձեռնություններն ունեն մեկ հիմնական նպատակ՝ վերահսկել ընտրությունների անցկացումը հանուն արդար ընտրութունների:
Այդպիսի նախաձեռնություններից են «Իրավաբանական օգնությունը», «2012թ. խորհրդարանական ընտրությունների առցանց ԶԼՄ-ների մոնիթորինգը», «Ընտրությունների ժամանակ քաղաքական կուսակցությունների կողմից կիրառվող սոցիալական ցանցերի մոնիթորինգը», «2012թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիթորինգը», «Արվեստ և մշակույթ» ծրագիրը և այլն:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը չցանկացավ նախընտրական այս փուլում գնահատականներ տալ: Դառնալով քաղաքացիական հասարակության մասնակցությանը քաղաքական գործընթացներին՝ նշեց. «Ցավոք, այնքանով, որքանով կարող է քաղաքացիական հասարակությունը լսելի լինել, չի մասնակցում քաղաքական , ժողովրդավարական գործընթացներին՝ որպես վերահսկիչ մարմին»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ որո՞նք են բարձրացված մտահոգության հիմնական պատճառները, տիկին Մինասյանը պատասխանեց. «Դաշտի բավականին խեղաթյուրված լինելը, խնդիրների չլուծվող և մեծածավալ լինելը և համապատասխան ռեսուրսների բացակայությունը, քաղաքացիական հասարակության ռեսուրսների հանդեպ շատ ավելի քիչ, քան անհրաժեշտ է հետաքրքրության դրսևորումը»:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության», քաղաքացիական հասարակություն, Լարիսա Մինասյան, 2012թ. խորհրդարանական ընտրություններ, մոնիթորինգ, քաղաքական, Հայաստան