Լրահոս
Օրվա լրահոսը

Կոոպերատիվի տերերն ընդդեմ Հերմինե Նաղդալյանի ամուսնու

Ապրիլ 11,2012 13:35

Նրանք պնդում են, որ ԱԺ պատգամավորի ամուսինը իրենցից 14 բնակարան է տոկոսով գրավ վերցրել մեծ գումարների դիմաց:

Այս օրերին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած քաղաքացիների գործը: Որքան էլ գործը վարող մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), ջանքեր գործադրեց ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուն՝ Դավիթ Բեգլարյանին, որը Էջմիածնի հարկայինի նախկին պետն էր, գործից «մաքուր» հանել, այդուամենայնիվ՝ դատարանում ցուցմունք տվող մեղադրյալներ Արմեն Թադեւոսյանն ու Լուսաբեկ Սամվելյանը, որոնք հանդիսանում են կոոպերատիվի տերերը, արդեն երկրորդ անգամ է՝ պնդում են Դ. Բեգլարյանի՝ նրանց տոկոսով գումար տալու մասին: Սա այն կոոպերատիվն է, որի տերերը բնակարան հատկացնելու դիմաց հարյուրավոր քաղաքացիներից հավաքել էին հազարավոր դոլարներ ու անհետացել: Բնակիչները պարզել էին, որ իրենց բնակարանները խոշոր գումարների դիմաց գրավ են դրված մի շարք ֆիզիկական անձանց մոտ: Այդ բնակարաններից Հերմինե Նաղդալյանի ընտանիքին բաժին էր ընկել 14 բնակարան: Չնայած դրան, նրա ամուսնու՝ տոկոսով գումար տալու փաստը նախաքննական մարմինը համարել էր չհաստատված: Այսօր կոոպերատիվի տերերը կալանավորված են:

Երեկ նիստը վարող դատավոր Վազգեն Ռշտունին լսեց գործով տուժող ճանաչված բնակիչներին: Եվ մինչ կոոպերատիվի տերերից «քցված» քաղաքացիները մանրամասն կնկարագրեին, թե ինչ պայմաններում եւ ինչպես են ծանոթացել Ա. Թադեւոսյանի ու Լ. Սամվելյանի հետ ու ձեռք բերել վիճահարույց բնակարանները, Արմեն Թադեւոսյանը դատարանում հայտարարություն արեց՝ եւս մեկ անգամ շեշտելով տիկին Նաղդալյանի ամուսնու՝ տոկոսով գումար տալու փաստը, եւ կոչ արեց խոստովանել, ինչը, Ա. Թադեւոսյանի կարծիքով, կնպաստի, որպեսզի հնարավորինս շուտ լուծում ստանա այս հարցը. «Որքան շուտ վերադարձվեն այդ գույքերը, այնքան շուտ հարցը կլուծվի»:

Նշենք, որ կոոպերատիվի տերերը ՀՔԾ-ում տված իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանից վերցրել են $300 հազար ամսական 5%-ով գումար եւ գրավադրել են 14 բնակարան: Նրանք իրենց ցուցմունքներում, ի թիվս Դ. Բեգլարյանի, մոտ 20 այլ անձանց էլ են մատնանշել, որոնք տոկոսով գումարի դիմաց տուն են գրավադրել: Այդ բոլոր մարդկանց, բացի Բեգլարյանից, ՀՔԾ-ն ճանաչել է վաշխառու: Ա. Թադեւոսյանի ու Լ. Սամվելյանի աշխատանքային ցուցակում, որը քրեական գործով ճանաչվել է ապացուցողական նյութ, Դավիթ Բեգլարյանի անունը զբաղեցնում է մեջտեղի տողերը:

Մեջբերում ենք նաեւ Դավիթ Բեգլարյանի՝ ՀՔԾ-ին տված 10.05.2011թ.-ի ցուցմունքից, որտեղ նա խոստովանում է, որ տները գնել է վերադարձնելու պայմանով՝ որ կստանա 20-25% ավելի վճարած գումարից:

Երեկ դատարանում «Առավոտի» հարցին ի պատասխան, թե՝ պնդո՞ւմ է, որ տիկին Նաղդալյանի ամուսինը իրեն տոկոսով փող է տվել, Արմեն Թադեւոսյանն ասաց՝ այո:

Գործով տուժող ճանաչված Հայկ Խաչատրյանը կոոպերատիվի տերերից պահանջում էր իր երեք բնակարանները, որոնց համար նախապես վճարել էր մոտ 23 միլիոն դրամ գումար, մնացածն էլ, ըստ կոոպերատիվի տերերի հետ սահմանած ժամանակացույցի, պետք է վճարեր շենքի շինարարությունը ավարտին հասցնելուց հետո: Սակայն մի օր Հ. Խաչատրյանը պարզել էր, որ իր բնակարանները գրավադրված են մի անծանոթ կնոջ մոտ: Այս վկայի պարզաբանումներին ի պատասխան՝ կոոպերատիվի տերերը պնդում էին, որ Հ. Խաչատրյանն ընդամենը մեկ բնակարանի համար է իրենց վճարել: Մինչդեռ Հ. Խաչատրյանը ստիպված եղավ մի քանի անգամ հիշեցնել իր ու շենքի տերերի միջեւ եղած պայմանավորվածության մասին: Դատավորը տեսնելով, որ կողմերը իրար այնքան էլ լավ չեն հասկանում, միջամտեց՝ հստակեցնելով տուժողի ցուցմունքը:

Մեկ այլ տուժողի՝ Վարդուհի Ավետիսյանի բախտն այնքանով էր բերել, որ նրա բնակարանը միայն իրեն էր պատկանում, սակայն կոոպերատիվի տերերի՝ փողերն «առնել-թռնելուց» հետո շենքի տանիքի կառուցումը կիսատ է մնացել, ինչի հետեւանքով բնակիչը չի կարողանում իր տանն ապրել, բացի այդ՝ բնակարանի հետ կապված կիսատ-պռատ աշխատանքներ կան: Նրա բնակարանը 12-րդ հարկում է: Նա Ա. Թադեւոսյանին ու Լ. Սամվելյանին է վճարել 7 միլիոն 43 հազար դրամ:

Տուժող Նաիրա Վարժապետյանը 80,7 քմ տարածքով բնակարան է գնել շենքի 7-րդ հարկում, սակայն գնել է արդեն վաճառված բնակարան:  Նա իր գործարքն ամրագրել է նոտարով, այդուհանդերձ՝ այսօր կանգնել է խնդիրների առաջ: Տիկին Վարժապետյանն էլ վճարել է բնակարանի 80 տոկոս գումարը, որը ներկայիս դրությամբ կազմում է 13 միլիոն 200 հազար դրամ:

Ն. Վարժապետյանը դատավորին պատմեց, որ տեղեկություններ էր ստացել, թե կոոպերատիվին պատկանող շենքը վաճառվել է ոմն Արտաշես Մելիքյանի, սակայն այս հայտարարությանն ի պատասխան՝ Արմեն Թադեւոսյանն ասաց, որ իրենք շենքի բնակիչների հետ կազմակերպած ժողովներից մեկում պարզապես հայտնել են, որ պարոն Մելիքյանը պետք է օգնի շենքի շինարարությունն ավարտին հասցնելու համար:

Տուժող ճանաչված մյուս բնակիչներին կլսեն հաջորդ նիստերի ընթացքում:

Այս գործով մեղադրող  դատախազը Հարություն Հարությունյանն է: Բնակիչները մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ պարոն Հարությունյանը կողմնապահություն է անում հօգուտ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու: Եվ նախորդ նիստին պարզապես «մի տեսակ» է եղել, երբ կոոպերատիվի տերերը դատարանում պնդել են իրենց նախաքննական ցուցմունքները Դավիթ Բեգլարյանի մասով:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30