Հիմնավորում է ԿԳ նախարարը
«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Կամ լավ, կամ ոչինչ» վերնագրով հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ՝ առանց նախարարության թույլտվության Հայաստանից բացակայելու համար: Մեկնաբանելով այդ հրամանը՝ պարոն Զոլյանն «Առավոտին» ասել էր, թե ղեկավարվում է նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ սկզբունքով՝ հատկապես այն դեպքում, երբ նախարարը, նրա ձեւակերպմամբ, ոչնչություն է:
ԿԳ նախարարի Facebook-յան էջում արված երեկվա արձագանքին հետեւել է նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանի՝ Panorama.am-ին տված մեկնաբանությունը, որտեղ պաշտոնյան խոստացել է առաջիկայում «գաղտնազերծել» բուհում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Իսկ մինչ այդ ԿԳ նախարարությունը «Առավոտին» է տրամադրել որոշ փաստաթղթեր եւ Զոլյան-Աշոտյան նամակագրական «երկխոսությունը»: Մասնավորապես, մարտի 14-ի նամակով Սուրեն Զոլյանը ԿԳ նախարարից թույլտվություն է խնդրել մարտի 19-23-ը մասնակցելու Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի հերթական 41-րդ նիստին: Նույն գրության մեջ նշված է, թե իր բացակայության ընթացքում ռեկտորի պարտականությունները կդրվեն պրոռեկտոր Գաբրիել Բալայանի վրա: Մարտի 15-ին Ս. Զոլյանին հասցեագրված նամակով նախարարը ծանուցել է, որ ԿԳ նախարարությունը քննարկել է հարցը ու նպատակահարմար չի գտել ռեկտորի մասնակցությունը վերոնշյալ նիստին: Արդեն մարտի 22-ին պարոն Զոլյանին ուղղված նամակում Արմեն Աշոտյանը գրել է. «ՀՀ ԿԳ նախարարի 19.03.2012թ. թիվ 190-Ա/Ք հրամանով ստեղծված հանձնաժողովը մարտի 20-ից ուսումնասիրություններ է սկսել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Հանձնաժողովի անդամներին ընդունել է բուհի պրոռեկտոր Գ. Բալայանը եւ տեղեկացրել, որ դուք բացակայում եք: Խնդրում եմ տալ բացատրությւոն Ձեր բացակայության մասին»: Այնուհետեւ մարտի 29-ին եւս մեկ ծանուցում է ուղարկվել Զոլյանին, որտեղ նշված է եղել, թե մարտի 19-23-ը անհարգելի բացակայելու, ինչպես նաեւ այդ ժամանակահատվածում ռեկտորի պարտականությունների կատարումը առանց լիազոր մարմնի (նախարարի) որոշման պրոռեկտոր Բալայանին հանձնարարելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն՝ ռեկտորի նկատմամբ կիրառվելու է կարգապահական տույժ: Հղում անելով աշխատանքային օրենսգրքին՝ նախարարը ռեկտորին խնդրել էր մինչեւ ապրիլի 5-ը գրավոր բացատրություն ներկայացնել: Ի պատասխան՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորն էլ ապրիլի 5-ի նամակում գրել է, թե նախարարի մոտեցումը հակասում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» եւ այլ օրենքների պահանջներին, ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի եւ կառավարության դրույթներին: Պարոն Զոլյանը նույն նամակում նաեւ հավելել է, թե օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված չէ ԿԳ նախարարի՝ ռեկտորի գործուղման եւ գործուղման ընթացքում ռեկտորի պարտականությունները պրոռեկտորի վրա դնելու, ռեկտորին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունը:
Կարդացեք նաև
Ամեն դեպքում, նախարարն անդրդվելի է՝ վկայակոչելով օրենքների եւ իրավական ակտերի մի շարք դրույթներ, գտնում է, որ ռեկտորը չի կատարել վերադասի հանձնարարականը, իր մեղքով աշխատանքային պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, հետեւաբար «վաստակել է» կարգապահական տույժը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ