Երեկ իրավապահների կողմից գրոհի է ենթարկվել Կապան քաղաքի մատույցներում գործող «Սան Պալաս» խաղատունը: Այս խաղատունը բացման օրվանից ի վեր որեւէ հարկային պարտավորություն չի կատարել, քանի որ գործել է ապօրինի: Ինչպես Կապանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սան Փալաս»-ը գործում է շուրջ 2 ամիս, սակայն ֆինանսների նախարարության կողմից չունի լիցենզիա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չլիցենզավորված խաղատունը պատկանում է ոմն Արթուրի, որը Կապանում հայտնի է «Աբաս» մականունով: Նա Հայաստան է տեղափոխվել Մոսկվայում բնակվող մեծահարուստ Միրիկի սպանությունից հետո, որտեղ եղել է այդ մարդու վարորդը: Ի դեպ, Միրիկը Մոսկվայում նույնպես խաղատների բիզնես է ունեցել:
Ըստ որոշ լուրերի՝ այս խաղատան տանիքը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, ինչով էլ բացատրվում է այդ օբյեկտի՝ արտոնյալ պայմաններում գործելը: Մեր տեղեկություններով՝ իրավապահները բռնել են նույնիսկ այդ պահին խաղատանը գտնվող հաճախորդներին: Կապանցիները պատմեցին, որ խաղատան համար դիլեր-աղջիկներին բերել էին Ուկրաինայից:
«Առավոտ» օրաթերթ