Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ու ԲՀԿ-ն արտաքին գովազդում «չափերն անցել» են

Ապրիլ 11,2012 12:58

Որպեսզի քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ գովազդի համար հավասար պայմաններ ունենան, Երեւանի քաղաքապետարանը վարչական շրջաններում տեղադրել է անվճար գովազդի նախընտրական գրատախտակներ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը մասնակցում է ԱԺ ընտրություններին, իրավունք ունի իր գովազդը փակցնել A 3 չափսի պաստառի չափսով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Եթե գրատախտակները 3-ից ավելի են, ապա գովազդատուները կարող են 2 պաստառ փակցնել, բայց չխախտելով պայմանը: Այն կուսակցությունները, որոնք չափերը կանցնեն` կպատժվեն «Գովազդի մասին» օրենքը խախտելու համար: Մայրաքաղաքում տեղադրվել է 825 գրատախտակ: Դրանք կհանվեն ԱԺ ընտրություններից 1 օր առաջ` մայիսի 5-ին: Մեր հարցին, թե մինչ այժմ քանի՞ պատժվող է եղել գովազդի պայմանները խախտելու համար եւ ովքեր են խախտում սովորաբար, պարոն Բաղդասարյանը գերադասեց անուններ չհրապարակել. «Գնացե’ք, ինքներդ տեսե’ք»

Aravot.am-ը շրջեց մայրաքաղաքում` պարզելու, թե արդյոք քաղաքական ուժերն իրենց տված անվճար գովազդի հնարավորությունը չե՞ն չարաշահել: Այսպես. այն փողոցներում, որտեղ առկա էր 3-ից ավելի գովազդային տախտակ, դրանցից մեկը` ամբողջությամբ «բռնագրավել» էր Հայ հեղափոխական դաշնակցությունը, ոչ մի տեղ չթողնելով գործընկերներին: Բարգավաճ Հայաստանը նույնպես «չափերն անցել էր» եւ 2 պաստառ փակցնելու փոխարեն՝ այս քաղաքական ուժը նախընտրել էր մեկը, բայց նախատեսվածից մեծ չափսով` այդ կերպ խախտելով օրենքը:

Ինչ վերաբերում է թեկնածուների մեծադիր լուսանկարներին, որոնք փակցվում են շենք-շինությունների ճակատին, ապա նրանք` իրենց գովազդը անելու համար պետք է թույլտվություն ստանան ու վճարեն, այդ շենքերի սեփականատերերին: Բազմաբնակարան շենքի դեպքում թեկնածուն համաձայնություն պետք է ստանա համատիրության նախագահից եւ շենքի բնակիչների 2/3-ից: Գովազդից ստացված գումարներն էլ ծառայության տեսքով համատիրությունը կվերադարձնի բնակիչներին: Բնակիչը չի կարող, ցանկության դեպքում, այդ գումարը կանխիկ ստանալ:

Մաշտոցի Պողոտայում փակցված գովազդի այս տեղում ՀՅԴ-ն մի ամբողջ գրատախտակ էր զբաղեցրել:

Սա քաղաքական գովազդ տեղադրելու օրինակելի տարբերակն է, որտեղ ոչ մի խախտում չկար: Այս գրատախտակը Արշակունյաց պողոտայում է:

Սայաթ-Նովա փողոցում էլ ՀՅԴ-ից բացի ԲՀԿ-ն էր օրենքը խախտել:

Պատգամավորի թեկնածուներ Գարեգին Նուշիկյանն ու Գագիկ Ծառուկյանն իրենց գովազդելու համար պետք է վճարեն շենքի սեփականատերերին:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30