Այսօր Քաղաքագետների միությունում ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչները հանդիպում ունեցան՝ միջկուսակցական միասնական շտաբի աշխատանքների հետ կապված խնդիրները քննարկելու:
«Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նորից պնդեց, որ փաստաթուղթը ստորագրեն առաջին դեմքերը եւ իրենց այդ մոտեցումը բացատրեց այսպես. «Այսօր կոալիցիոն երեք ուժերը զբաղված են ժողովրդի մոտ քվեներ որսալով: Գավառում եղել ենք, մարդկանց անձնագրերը վերցնում, պահում են, Վայոց ձորում բանկաներով մուրաբաներ են բաժանում: կոալիցիոն ուժերը հնարավորություն չեն տալիս մտածելու, որ պատրաստ են ազատ, արդար ընտրությունների: Պիտի ճշտենք՝ մենք ո՞ր դաշտում ենք գտնվում»:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը չընդունեց «Ժառանգության» այդ առաջարկը՝ նշելով, որ «եթե ձեզ են տվել լիազորություն, ուրեմն մենք դա համարում ենք «Ժառանգության» որոշում եւ որեւէ նշանակություն չունի՝ առաջի՞ն դեմքն է ստորագրում, թե՞ մեկ այլ լիազոր մարմին»:
Ռուբեն Հակոբյանն էլ հակադարձեց, որ ինքը կբացատրի, թե ի՞նչ է նշանակում Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Լեւոն Զուրաբյան, որն է ձեր տարբերությունը: Զուրաբյանն էլ նշեց՝ «Մինչեւ ձեր բացատրելը ես կարող եմ ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը տվել է իր համաձայնությունը եւ որեւէ նոր փասատաթղթի ստորագրման անհրաժեշտություն չկա»:
Կարդացեք նաև
Ռուբեն Հակոբյանը համոզելու համար, որ այնուամենայնիվ, կա տարբերություն երկու Լեւոնների միջեւ՝ հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանը մարտի 17-ին երբ հանդես եկավ քաղաքագիտական վերլուծությամբ, ասաց, որ սա իր քաղաքագիտըական վերլուծությունն է, ՀԱԿ-ի կարծիքը չէ. «ՀԱԿ ասածը դա Լեւոն Տեր-Պետրոսյան է իմ կարծիքով: Վաղը նա չասի՝ այս փաստաթուղթն անհեթեթություն է, սա իմ անձնական կարծիքն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ