Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրեմն չե՞նք հավատացել, ու մեղավորը մե՞նք ենք, որ չի փոխվել

Ապրիլ 11,2012 12:19

Հայաստանի   Հանրապետական կուսակցության  նախագահ Սերժ Սարգսյանը, ապրիլի 9-ին Ծաղկաձորում հանդիպելով Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ, մեկնաբանել է ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի իմաստը։

«Հավատա՛նք մեզ, հավատա՛նք մեք ընկերներին, հավատա՛նք մեր ընտանիքներին, հավատա՛նք մեր բուհին, մեր պետությանը, մեր գործին։ Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ, բայց սեփական ուժերին մենք ուղղակի պարտավոր ենք հավատալ։ Ես չգիտեմ որեւէ դեպք, երբ մի լուրջ գործ է կատարվել առանց խորը հավատի: Պատկերացրեք՝ զինվորը գնում է մարտի, եւ եթե նա չհավատա իր հաղթանակին, ինչպե՞ս կարող է լավ կռվել։ Մենք, իրոք, պարտավոր ենք փոխվել, որպեսզի կարողանանք աշխարհին համահունչ ընթանալ։ Սակայն միայն հանրապետության նախագահի ցանկությունը բավարար չէ։ Փոփոխություններին պետք է մասնակից լինեն բոլորը, եւ բոլորը պետք է ցանկանան դրանք իրականացնել, որովհետեւ աշխարհը շատ արագ է փոխվում, այդ փոփոխություններին մենք պետք է պատրաստ լինենք»,- ասել է  նախագահը։

Դե, իհարկե, նախագահը խելացի մարդ է եւ իրեն թույլ չի տվել ասելու, թե հավատանք ՀՀԿ-ին կամ իշխանություններին, քանզի, կարծում ենք, շատ լավ հասկանում է, որ ՀՀԿ-ն եւ իշխանություններն այդ հավատն ակնկալելու բարոյական իրավունք չունեն: Հնարավո՞ր է հավատալ իշխող կուսակցությանը, որն անմիջականորեն, անուղղակիորեն պատասխանատվություն է կրում երկրի ներքին կյանքի խայտառակ վիճակի համար։ Հնարավո՞ր է հավատալ տգետ, ապաշնորհ, կոռումպացված, շահամոլ, անբարո չինովնիկների պակաս չունեցող իշխանություններին։ Իհարկե ոչ։ Լավ է, որ նախագահն ինքն է ասում. «Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ»։

Միաժամանակ անվիճելի է եւ այն, որ յուրաքանչյուրն իրոք պարտավոր է հավատալ սեփական ուժերին, ինքն իրեն, իր գործին, իր եւ հայության հաղթանակին, իր ընտանիքին, իր ընկերներին, մեր պետությանը։ Սակայն եթե փոքր-ինչ ուշադիր վերլուծենք ՀՀԿ կարգախոսը եւ նախագահի ասածը, ստացվում է, որ երկիրը չի բարեփոխվել, որովհետեւ մենք մինչեւ հիմա չենք հավատացել մեզ, մեր ուժերին, մեր ընտանիքին, ընկերներին… Չենք հավատացել, դրա համար էլ այս վիճակն է Հայաստանում:

Ցավոք, երկրում առկա իրավիճակի համար հերթական անգամ փորձ է արվում, ինքնաքննադատության փոխարեն, մեղքը բարդել մեր բազմաչարչար ժողովրդի վրա, որի հիմնական մասը հավատացել է ինքն իրեն, իր ուժերին, իր ընկերներին, ընտանիքին… Հավատացել է, ու մնացել է այստեղ, չի գնացել երկրից։ Հայաստանից նրանց չհեռանալը գրեթե հերոսության պես մի բան է, որը ՀՀԿ-ն, այդ կուսակցության եւ երկրի նախագահը պետք է գնահատեին եւ ոչ թե ժողովրդին կոչ անեին հավատալու՝ այդպիսով անուղղակիորեն մեղադրելով նրան։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ    

«Հայացք»    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30