Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Խզմալյանի մասին. «Ամուսինը կնոջ փոխարեն խոսում է»

Ապրիլ 11,2012 11:32

Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովին երեկ հարցրի՝ կուսակցության համամասնական ցուցակը, ստացվում է, կեղծիքո՞վ է կազմվել։

Ավելի վաղ, ինչպես հայտնի է, կինոռեժիսոր, ընդդիմադիր «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը մեր զրույցում հաստատել էր, որ իր կինը՝ Նարինե Միրզոյանը, ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում ու միաժամանակ հայտարարել էր, թե նա առանձնապես չի էլ իմացել, որ իր անունը ՀՀԿ ընտրական ցուցակում է լինելու։ «Սա ինչ-որ վերեւից իջեցված ցուցակային մոտեցում է»,- ասել էր կինոռեժիսորը՝ հավելելով, որ կատարվածից իրենք էլ են զարմացել։ Անդրադառնալով այս մեղադրանքներին՝ ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Դուք էլ, որպես քաղաքացի, տեղյակ եք, որ հնարավոր չէ առանց մարդու ստորագրության, հնարավոր չէ առանց հայտարարագիր լրացնելու, հնարավոր չէ առանց դիմում գրելու, առանց համաձայնության՝ մարդուն ընդգրկել այս կամ այն համամասնական ցուցակում։ Անկախ նրանից, թե ով է ասում, դա իրականությունից կիլոմետրերով հեռու է։ Դա ուղղակի ծիծաղելի է, ես այլեւս չեմ մեկնաբանում։ Ես իմ ասելիքն ասացի։ Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող»։

Տիգրան Խզմալյանը նաեւ հայտարարել էր, թե կինը ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել՝ հավաստելու, որ պարտավորվում է պատգամավոր չդառնալ։ «Ի՞նչ է սա նշանակում»,- հետաքրքրվեցի Էդուարդ Շարմազանովից։ «Ես տեղյակ չեմ՝ ինչ է ստորագրել»,- ասաց նա՝ շարունակելով. «Նախ, ես կարծում եմ, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն ոք ինքը պետք է իր փոխարեն կարծիք հայտնի։ Ես շատ հարգում եմ, որ իրենց ընտանիքում միասնություն է, ամուսինը կնոջ փոխարեն խոսում է, բայց կարծում եմ, որ նորմալ երկրներում, նորմալ հասարակություններում ամեն մեկն ինքն իր փոխարեն կարող է խոսել»։ Իսկ ահա Նարինե Միրզոյանին համամասնական ցուցակում ընդգրկելուց հետո ՀՀԿ-ն իրեն ամենեւին էլ ծիծաղելի վիճակում չի համարում, ինչպես Տիգրան Խզմալյանն է կարծում։ Ընդհակառակը, Շարմազանովի ձեւակերպմամբ, իրեն զգում է շատ նորմալ, շատ լավ եւ հաղթական, իսկ մայիսի 6-ին էլ տոնելու է իր հաղթանակը։ ՀՀԿ խոսնակը նաեւ ընդգծեց, որ Նարինե Միրզոյանին ընդգրկելով կուսակցության համամասնական ցուցակում, առաջնորդվել են ո՛չ այն հանգամանքով, որ նա Տիգրան Խզմալյանի կինն է։ Ավելին, ՀՀԿ ցուցակում են բացառապես այն մարդիկ, որոնք, ըստ Շարմազանովի, պաշտպանում են կուսակցության վարած քաղաքականությունն ու պատրաստ են այդ կուսակցության հետ ճանապարհ անցնել։ Սա՝ ի հեճուկս կինոռեժիսորի հայտարարությունների, թե միգուցե կնոջը ՀՀԿ ցուցակում ընդգրկելն իր դեմ է։

«Մենք չենք ընդգրկել, որովհետեւ նա Խզմալյանի կինն է։ Մենք ընդգրկել ենք կոնկրետ անուն-ազգանունով մարդու։ Մենք երբ որ ընդգրկում ենք ցուցակում, հաշվի ենք առնում մարդու անցած ուղին, ճանապարհը, նրա պրոֆեսիոնալ հատկանիշները, նրա քաղաքական կողմնորոշումը, այլ ոչ թե՝ նա ում եղբայրն է, կինն է կամ եղբոր որդին։ Հաստատ ինքը որպես Խզմալյանի կին չի ընդգրկվել մեր ցուցակում, ընդգրկվել է որպես մարդ, որը Հանրապետական կուսակցության քաղաքականության պաշտպանն է եւ պատրաստ է Հանրապետականի հետ ճանապարհ անցնելու։ Բոլոր 253 մարդիկ»,-վստահեցրեց Էդուարդ Շարմազանովը։

Նշեմ, որ ժամանակին Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել Նարինե Միրզոյանի թեկնածությունը գրանցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը փոխանցեց, որ դիմումին կից ներկայացվել է նաեւ Նարինե Միրզոյանի հայտարարությունը՝ պատգամավորության թեկնածու գրանցվելու համաձայնության մասին, ինչպես նաեւ վերջին հինգ տարում մշտապես ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանք։ Այնպես որ, որքան էլ Տիգրան Խզմալյանը փորձում է այլ տպավորություն ստեղծել, նրա կնոջ՝ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու հարցում որեւէ անակնկալ իրենց համար չէր կարող լինել։ Հավելեմ, որ ինչպես տեղեկացա ԿԸՀ մամուլի քարտուղարից՝ Նարինե Միրզոյանը երեկ երեկոյան դրությամբ ինքնաբացարկի դիմում չէր ներկայացրել։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30