ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր Ազատության հրապարակում ՀՅԴ-ի նախաձեռնած հանրահավաքում հայտարարեց, թե ՀՅԴ-ի եւ քաղաքական մյուս ուժերի տարբերությունն այն է, որ Դաշնակցությունը միայն քարոզարշավից-քարոզարշավ կամ ընտրությունից-ընտրություն չէ, որ խոսում եւ գործում է, այլ այն, ինչ ասում է այսօր՝ ասել է վաղուց եւ միշտ: «Մենք գործում ենք ամեն օր, ամեն ժամ եւ ամեն վայրկյան, ինչպես` զարկերակը»,- հայտարարեց բանախոսը՝ հավելելով, որ, գուցե, ասելիքի շեշտադրումներն են տարբեր, բայց անփոփոխ է բովանդակությունը՝ «ինչպես, ցավոք, չի փոխվում մեր կյանքը: Անկախությունից 20 տարի հետո հայ մարդը չի կարողանում իր աշխատանքով պահել իր ընտանիքը: Մի՞թե սա լինելու բան էր: Ինչպե՞ս մենք հասանք այս հանգրվանին»,- ասաց Մարգարյանը:
Նրա մատուցմամբ, մենք չենք ունեցել ավելի լավ իշխանություններ, որովհետեւ բացակայել է արժեքային համակարգը, որովհետեւ «մեր իշխանությունները, ցավոք, ձգտել են մեր նորանկախ հայրենիքում ձեւավորել հարուստների դասակարգ, դրամատերերի դասակարգ, նրանք արել են ամեն ինչ, որպեսզի այդ դասակարգը ավելի ու ավելի հարստանա, հերն էլ անիծած, թե աղքատներն էլ ավելի չեն աղքատանա, հերն էլ անիծած, թե միջին խավ մեզանում այդպես էլ չի ձեւավորվի: Արդյունքում, այսօր ունենք այն, ինչ ունենք` բեւեռացած հասարակարգ, ուր մի կողմում մեծ հարստությունն իր մոտ կենտրոնացրած փոքրամասնությունն է, մյուս կողմում` աղքատության շեմը չհաղթահարած մեծամասնությունը: Ուր մի կողմում անօրինական մենատերներն են, մյուս կողմում` միջոցներից զուրկ սպառող հասարակությունը, ուր գերիշխում է չարչիական տնտեսությունը, ուր չկա ներքին արդյունաբերություն, իսկ երբ կա, այն պաշտպանված չէ չարչիական ոտնձգություններից»:
Մագարյանն ասաց, թե այս անելանելիությունից ելք կա: «Հին առասպելներում անելանելի վիճակում հայտնված մարդիկ գնում էին իմաստունի մոտ: Մեր նոր առասպելում եւս եկել է իմաստունի մոտ գնալու ժամանակը: Նոր առասպելի իմաստունը հենց Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է, սիրելի’ ժողովուրդ: Մեզ իմաստնացրել է մեր երկար կենսագրությունն ու փորձը, մեր անսասան նպատակասլացությունն ու սկզբունքայնությունը, մեր հանդուրժելու ու չհանդուրժելու կարողությունը, մեր հարատեւ պայքարը` վերջապես:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է, որ կարող է փոխել մեր կյանքը, մենք ենք, որ վերջ ենք դնելու այսօրվա ապիկար տնտեսական քաղաքականությանը, բեկանել մեր կյանքում առկա անարդարությունները: Դաշնակցությունն է, որ կարող է մեր հասարակության մեջ ապահովել համերաշխություն: Դաշնակցությունն է այդ ուժը, որովհետեւ հավատում է այլ արժեքային համակարգի, ուր տիրական է արդարությունն ու ազատությունը, իսկ ազգային արժանապատվության հիմքում ընկած է հայ մարդու անհատական արժանապատվությունը: Դաշնակցությունն է այդ կազմակերպությունը, որովհետեւ ազգային եւ սոցիալիստական կուսակցություն է: Սոցիալիզմը բխում է մեր արժեքային համակարգից ու ազգային էությունից: Մենք պետք է փոխենք մեր կյանքը, այս ընտրությունների միջոցով ու արդյունքում` հանձին Հայ Յեղափոխական Դաշնակցության, բովանդակությամբ նոր իշխանություններ ձեւավորենք մեր երկրում: Իմաստունին վստահելու ժամանակն է, սիրելի’ ժողովուրդ»,- իր ելույթն այսպես եզրափակեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: