Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Դաշնակցությունը կանգնելու է ամեն մի ազատ քաղաքացու կողքին»

Ապրիլ 11,2012 00:31

Այսօր Ազատության հրապարակում  ՀՅԴ-ի քարոզարշավի մեկնարկն ազդարարած հանրահավաքում ելույթ ունեցավ ՀՅԴ նախընտրական քարոզչության համակարգող Աղվան Վարդանյանը: Նա ասաց, թե երեկ զրուցել է իշխանական կուսակցության պատգամավորության մի թեկնածուի հետ, ով ասել է՝  «էս ի՞նչ ենք դարձրել մեր ժողովրդին, որ  գյուղը մտնում եմ, համատարած փողի են սպասում»: «Մենք ինքներս փչացնում ենք ժողովրդին: Էլ ո՞նց ենք ուզում նորմալ երկիր դառնալ: Հայ մարդ է, սիրտը ցավում է, բայց միայն մոտիկների հետ կարող է էսպես խոսել»,- իր ներկայացրած զրույցի մասին ասաց ՀՅԴ ներկայացուցիչը՝ հավելելով, թե «մի ուրիշ թեկնածու` նորից իշխող կուսակցությունից, բայց վատ տեսակը, կարծում է, որ իշխանության թեկնածուն է ու  ինչ ուզենա՝ կանի: Փորձում է վախեցնել, սպառնալ: Մարդկանց ասում է՝ եթե մեզ ձայն չտաք, հարկայինի էսինչին կասեմ՝ խանութդ կփակի, բարեկամիդ գործից ազատել կտամ: Եվ սրա նմաններով ազատ ընտրություններ են խոստանում: Էս տղան մոռանում է, որ ընտրությունները ավարտվելու են, ու իրենից հաշիվ են պահանջելու»:

Վարդանյանն իր այս պատմությունը շարունակեց. «Երրորդ դեպքը. երիտասարդության սիրած երգիչներից մեկն է: Ասում է՝ էս ինչ երեսպաշտություն է՝ պաշտոնական ամբիոններից, TV-ներից հայտարարում, խոստանում են ազատ, արդար ընտրություններ: Գնում ես տուն, թաղի «լավ տղեքը», համատիրության աշխատողները հերթով գալիս են՝ անձնագիր են ուզում, 10 000 դրամ են առաջարկում, ցուցակներ են կազմում: Իրենք չգիտե՞ն` ներքեւում ինչ է կատարվում: Էս ի՞նչ երկու իրականություն է: 20 տարվա անկախությունից հետո սա՞ էր լինելու մեր երկրի վիճակը»: Դաշնակցական գործիչը փաստեց, որ թեեւ ընտրությունների ենք գնում այսօրինակ մթնոլորտում, բայց «մենք Դաշնակցություն ենք, մենք վախենալու բան չունենք»: Նա ասաց, թե ՀՅԴ-ն պատասխանատու է Հայաստանի ամեն մի քաղաքացու համար, ու պարտավոր է հաղթել. «Մենք պարտավոր ենք այնպիսի երկիր կառուցել, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն հպարտ ու արժանապատիվ զգա: Մենք պարտավոր ենք օրենքի խստությամբ պատժել հայ մարդուն սպառնացողներին ու ստորացնողներին: Մենք թշնամի չենք փնտրում, բայց կկտրենք այն ձեռքը, որ թշնամանքով մեզ վրա կբարձրանա:

Մի’ վախեցեք: Գնացեք, աշխատեք Դաշնակցության համար: Գնացեք, քվեարկեք Դաշնակցությանը: Ձեր մի մազին էլ չեն համարձակվի դիպչել: Ծանոթացեք պայքարի մեջ մտած կուսակցությունների ծրագրերին, նայեք նրանց անցյալը, տեսեք՝ ովքեր են նրանց թիմերում: Վստահ եմ՝ կհամոզվեք՝ Դաշնակցությունը տարբերվում է բոլորից: Մենք ամբոխավար չենք, մենք ճոռոմ խոսքեր չենք ասում, պոզա չենք ընդունում, մեր տեսակը չի դավաճանում: Մենք գիտենք, որ ամենօրյա ծանր աշխատանքով ու նվիրումով է հնարավոր երկիրը Երկիր դարձնել: Դաշնակցությունը մեր երկրում օրենք եւ արդարություն է հաստատելու: Դաշնակցությունը կանգնելու է ամեն մի ազատ քաղաքացու կողքին»:

Վարդանյանն ասաց, թե Դաշնակցությունը Հայաստանում այն միակ կուսակցությունն է, որն ինքն է դուրս եկել իշխանությունից, միակն է, որ  չի պառակտվել, որ «այսօր էլ ուժեղ անհատների միասնական թիմ» է, ու իր ելույթն այսպես եզրափակեց. «Մենք ունենք միտք, կամք, վճռականություն: Մենք Դաշնակցություն ենք: Դուք եք Դաշնակցությունը: Գնում ենք՝ հաղթելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30