Այսօր ապարանցիների հետ հանդիպման ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունների պատճառով հայ երեխաները անհայր են մեծանում. «Հասկացեք, այս ազգը այս երկիրը կործանվում է: Ուղղակի կործանվում, վերանում է աշխարհի քարտեզից՝ մի խումբ ավազակների, մարդասպանների պատճառով: Եթե մինչեւ հիմա ազգ էինք, որ բաժանված էր 2 մասի՝ Հայաստան եւ Սփյուռք, հիմա բաժանված ենք 3 մասի՝ Հայաստան, Սփյուռք եւ պանդուխտ: Հայաստանում չի մնացել միասական ընտանիք, բոլոր ընտանիքները մասնատված են: Մի մասը Ռուսաստանում, մյուս մասն՝ այստեղ: Հայաստանի երեխաների մեծ մասն առանց հայր է մեծանում: Առանց հոր մեծացած, դաստիարակված մարդը բոլորովին ուրիշ մարդ է լինում, իմացեք: Այս վիճակը շտկելու բանալին ձեր ձեռքում է, ձեզանից ոչ մի բան չի պահանջվում՝ ոչ հերոսություն, ոչ բարիկադներ բարձրանալ: Քվեարկել ձեր խղճի մտոք՝ ուրիշ ոչինչ»:
Ըստ ՀՀ առաջին նախագահի, իշխանություններն ուզում են ահաբեկել ժողովրդին, հիասթափեցնել. «Զոռով լինի, ծեծով լինի, ընտրակեղծիքով, ընտրակաշառքով, մեկ է՝ հաղթելու են, սրանց դեմ խաղ չկա: Սա են տարածում գիշեր-ցերեկ: Դպրոցները, հիվանդանոցները դարձել են այս իշխանությունների հլու-հնազանդ կամակատարը: Դժբախտ են նրանք: Եթե չենթարկվեն, գործից ազատվելու են: Դո՞ւք ինչ ունեք կորցնելու: Էլ ի՞նչ ունեիք, որ պիտի կորցնեք: Բայց իմացեք, սա ամենամեծ սուտն է, որ սրանց դեմ խաղ չկա: Սա փուչիկ է, ձեզ հիպնոսացնելու միջոց է: Այս իշխանությունների հետ հույս կապելը պետք է կամ շատ միամիտ լինել, որ հավատաք կամ շատ ներողություն, պետք է դեբիլ լինել: Ուրիշ ճանապարհ չկա: Ով հավատում է, ուրեմն այս իշխանության մարդն է, կերակրատաշտի մասնակիցն է»:
Անդրադառնալով ՀՀԿ-ի կարգախոսին, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց. «Հավատանք, որ փոխենք. Սա նրանց կարգախոսն է: Ես հավատում եմ, որ իրենք հավատափոխվելու են, էդ մեկը ես հաստատ գիտեմ: Եվ ի վերջո, մենք հավատում ենք, որ մենք ենք փոխելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ