Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ. «Հեղափոխությունը ոչ թե փողոցում լաչառություն անելն է, այլ ծրագրերը կյանքի կոչելը»

Ապրիլ 10,2012 21:49

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում արձանագրելով, թե ՀՀ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հատուկ շեշտեց՝ ձե՛զ։ «Մենք եկել ենք այստեղ ոչ թե իշխանությունը խլելու, զավթելու կամ կաշառքով առնելու համար, ինչպես անում են ուրիշները, մենք եկել ենք անելու այն, ինչը օրենքներով, Սահմանադրությամբ մերն է՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար, այն իշխանությունը, որը խաբեությամբ, ճնշումներով, հարստահարություններով, կաշառքով, մուրաբայով  ու տուկի թել ու էլ չգիտեմ ինչ զիբիլ ժողովրդին բաժանելով իշխանությունն առել ու ուզուրպացրել են։ Մենք ուզում ենք այդ իշխանությունը վերադարձնել ձեզ»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը։
Այդուհանդերձ, նա նաեւ հորդորեց անկեղծ լինել. «Եկեք խոստովանենք, որ իշխանությունը մեզնից խլել են՝ օգտվելով մեր թուլությունից, օգտվել են մեր վախկոտությունից, անտարբերությունից, անպատասխանատվությունից, մեր անտարբերությունից։ Ինչ որ կա մեր մեջ՝ անհաջող բան, օգտվել են դրանից եւ իշխում են շնորհիվ մեր ամենավատ հատկությունների, իսկ մենք պետք է վերադարձնենք մեր իշխանությունը՝ հենվելով մեր լավ հատկանիշների վրա՝քաջության, խիզախության, Հարենիքի համար զոհվելու պատրաստակամության վրա։ Մենք կվերադարձնենք իշխանությունը ժողովրդին, որովհետեւ մեր ժողովուրդը դրան արժանի է»։
Նա հիշեցրեց թե ովքեր են այսօր խորհրդարանում զբաղեցնում պատգամավորական աթոռները եւ «ում ենք մենք հանդուրժել». «անգրագետների, կաշառակերների, մարդկանց, որոնք կաղնու հաստությամբ վիզ ունեն եւ կաղնու չափ խելք։ Մենք նրանց հանդուրժել ենք, որովհետեւ թույլ ենք եղել։ Հիմա, երբ մենք ուժեղ ենք, թույլ տալո՞ւ ենք նրանց շարունակելու մտնել խորհրդարան»։ Պատգամավորի այս հարցադրմանը հանրահավաքի մասնակիցները արձագանքեցին «ոչ»-ով։
Վահան Հովհաննիսյանն ասաց, թե Դաշնակցությունը գալիս է ժողովրդին վերադարձնելու նրա ազատությունն ու իշխանությունը։  Նա նաեւ նկատեց, թե շատերը ՀՅԴ-ն ասոցացնում են հեղափոխության հետ եւ կարոտում են ՀՅԴ-ի հեղափոխականությունը, բայց նույն պահին էլ բացատրեց, թե ՀՅԴ-ի  հեղափոխականությունը «փողոցներում լաչառության մեջ չէ», այլ նրա կողմից առաջարկվող ծրագրերում է, ու եթե այդ ծրագրերում մատնանշված կետերը «մենք հնարավորություն ունենանք էջ առ էջ կյանքի կոչել, ապա հեղափոխությունն ինքներդ եւ շատ արագ կտեսնեք»։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30