Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սարգսյանը գովեց ընդդիմությանը

Ապրիլ 10,2012 21:12

«Նախորդ տարիներին, որպես իշխող ուժ, ՀՀԿ-ն ինչ որ արել է ձեր աչքի առջեւ է: Ոչ թերություններն ենք թաքցրել, ոչ հաջողություններն ենք թմբկահարել»,- քիչ առաջ Երեւանի Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ասաց, որ իրենք շատ են աշխատել՝ արդարացնելու համար հանրության վստահությունը, համարելով, որ իշխանությունը նախեւառաջ տքնաջան աշխատանք է, պատասխանատվություն է, վայելք չէ:

ՀՀԿ-ի վարած արտաքին քաղաքականությունը նախագահը համարեց «կշռադատված», հավատով ու խղճով, միշտ քայլ են արել եւ այդ նախաձեռնությունները եղել են նպատակային: «Ավելի համարձակ ենք շարունակելու: Մի քանի տարի եւ մենք կապահովենք աշխարհում ՀՀ-ի դերի եւ ընկալման բոլորովին ուրիշ մակարդակ»,– ասաց նախագահը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ներքին քաղաքական ոլորտում էլ իր քայլերը նույնպես «խղճով» է արել, շարունակելու են ընդդիմախոսելու եւ քաղաքական բանավեճ վարելու նոր ավանդույթի ձեւավորումը: Հարցերը հանգիստ ու սթափ քննարկելու, խաղաղ ընտրությունների գնալու պատասխանատվությունը նույնպես մնում է ՀՀԿ-ի օրակարգում. «Ընդդիմախոսներին առանց ազգի թշնամի հայտարարելու, ընդդիմախոսելու իրավունքը վերադարձնելն է, որ շարունակվելու է, որովհետեւ ընդդիմությունն իշխանությունների զգաստության եւ զգոնության պայմանն է, նրա գործունեության արդյունավետության կարեւոր բաղադրիչը»,– ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե քննադատությունն իրեն դուր է գալիս, բայց իշխանությունը պարտավոր է հանդուրժողական լինել. «Սա է մեր առաքելությունը»:

Նախագահն ասաց, որ ՀՀԿ-ի համար առաջնային են անհատը, անհատի իրավունքն ու ազատությունները, խոստացավ, որ մի քանի տարի անց այդ արժեքները մեր երկրում այլ մակարդակի վրա կլինեն: Խոսեց «մատչելի արդարադատությունից» եւ բոլոր վեճերի արդարացի լուծման երաշխիք խոստացավ:

Կոչ արեց հավատալ՝ որ փոխենք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30