ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Արսեն Լևոնյանի (թիվ 1 ընտրատարածք), Մերուժան Մխոյանի (թիվ 21 ընտրատարածք), Տիգրան Պետրոսյանի (թիվ 23 ընտրատարածք), Արմեն Ավդալյանի (թիվ 28 ընտրատարածք) գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել նաև «Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աշխեն Մանուկյանի, Կարինե Մկրտչյանի և Մերի Ղոնյանի գրանցումները, ինչպես նաև` «ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Դավիթ Առաքելյանի և Երվանդ Զուրաբյանի գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է «Կենտրոն» վարչական շրջանի Տիգրան Մեծ փողոցի թիվ 43 շենքի բակի բնակիչների, ինչպես նաև թիվ 37 ընտրատարածքում գրանցված Աժ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Մալիկ Թելունցի դիմումները:
Հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշմամբ մերժել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Կաղնի» սոցիալական-բնապահպանական հասարակական կազմակերպությունների դիտորդների հավատարմագրման մասին դիմումները, քանի որ նշված կազմակերպությունների կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոն