Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր «Oրինաց երկիր» կուսակցության հերթական հանդիպմանը, որին ներկա էին մեծ թվով հաշմանդամներ, ներկայացվեցին հաշմանդամների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կուսակցության կողմից առաջարկվող մոտեցումները:
«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացված հաշմանդամների հիմնախնդիրներին: Հասարակության մեջ հաշմանդամների լիարժեք ինտեգրումը դիտարկելով որպես կարևոր առաջնահերթություն` «Օրինաց երկիրն» այս ուղղությամբ առաջարկում է մի շարք գործուն քայլեր, որոնք ուղղված են հաշմանդամների հիմնախնդիրների համակարգային լուծմանը` հաշմանդամների օժանդակության և զբաղվածության պետական նպատակային համալիր ծրագրի մշակում և իրականացում, ֆիզիկական տկարություն ունեցող քաղաքացիների երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, մարզական ակտիվ կյանքին ակտիվ մասնակցություն ապահովող օրենքների ընդունում, հաշմանդամներին տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև հաշմանդամներին անվճար կրթություն և պետական բուժօգնության տրամադրում:
Իր ելույթում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդգծեց հաշմանդամների խնդիրներին համակարգային լուծում տալու կարևորությունը, քանի որ այս հարցում ժամանակավոր մոտեցումները անարդյունավետ են և անընդունելի:
Հաշվի առնելով երկրում հաշմանդամների մեծ թիվը` ՕԵԿ-ը առաջարկում է նաև Եվրամիության բազմաթիվ երկրների օրինակով ստեղծել հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող պետական առանձին կառույց` ՀՀ կառավարությանն առընթեր, ինչը հնարավորություն կտա հաշմանդամների հիմնահարցերը պահել պետական մշտական հոգածության ներքո:
Կարդացեք նաև
ՕԵԿ մամուլի հաղորդագրություն