Այսօր ապրիլի 10-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17–ի սահմաններում ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հակաճգնաժամային կառավարման կենտրոն, որ, ըստ նախնական տեղեկությունների, Անդրանիկի 142 հասցեում «Կայզեր» սուպերմարկետի հետնամասում գտնվող ավտոտնակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևանի փրկարար ծառայության հրշեջ–փրկարարական ջոկատի հատուկ փրկարարներից կազմված 2 մարտական հաշվարկ՝ թիվ 1 հրշեջ–փրկակարական ջոկատից, մեկական մարտական հաշվարկ էլ՝ թիվ 4 և 7 հրշեջ–փրկարարական ջոկատից։ Տեղում է նաև Երևանի փրկարարական վարչության պետ գնդապետ Մուշեղ Ղազարյանը։
Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ նշված վայրից քիչ առաջ 1-03 Շտապբուժօգնության ավտոմեքենան 3 հոգու, որոնցից մեկը մոտ 45 տարեկան անձնավորություն, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են Երևանի այրվածաքաբանական կենտրոն։ Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ նշված անձինք այրվածքներ են ստացել դյուրավառ հեղուկի բալոնների պայթյունի հետևանքով։ Պայթյունի հետևանքով պոկվել է նաև դարպասը և փլուզվել են ավտոտնակների միջի բաժանարար բետոնե պատերը։
Տեղում է Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը, որը փորձում է պարզել վիրավորների ինքնությունը։