Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյանը 5 թանկարժեք մեքենա և նույն շենքում 3 բնակարան ունի

Ապրիլ 10,2012 17:40

ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը Գյումրու կենտրոնը, Աշոցքն ու Ամասիան ընդգրկող թիվ 33 ընտրատարածքի ամենահարուստ թեկնածուն է: Ընթերցելով գույքի ու եկամուտների մասին նրա ներկայացրած հայտարարագիրը` տեսնում ենք, որ վերջինս ոչ միայն մայրաքաղաքում, իր ծննդավայր Աշոցքում, Ամասիայում ու Գյումրիում տներ, վարչական շենքեր ու հյուրանոց ունի, այլ մի քանի թանկարժեք արտասահմանյան մեքենաներ, որոնցից երկուսն ահռելի գների են:

Սակայն մինչ մեքենաներին անդրադառնալը, նշենք, որ գործարար պատգամավորին են պատկանում Երևանի Հասրաթյան 16 շենքի միանգամից երեք բնակարաններ` 6, 14, 15` 227,6 քմ մակերեսով: Նա սեփական հյուրանոց ունի Ամասիայում `329,02 քմ տարածքով, վարչական շենք Աշոցքում և բնակելի տուն Գյումրու Իսահակյան փողոցում:

Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ, Աշոտ Աղաբաբյանն անցած ընտրություններին է գնել Աշոցքի վարչական շենքը, որը մատնված էր անտերության և այժմ օգտագործման է տվել սոցիալական ծառայություններին: Իսկ Գյումրիում պատգամավորին պատկանող բնակելի տանը տեղակայված է նրա կենտրոնական գրասենյակը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, ու մեր աղբյուրների հավաստմամբ, մոտ 150 հազար դոլար արժողություն ունի: Աշոտ Աղաբաբյանի աշխատավարձը ԱԺ-ում կազմում է 3.071.000 դրամ, և սա այն դեպքում, երբ պատգամավորը հազվադեպ է այնտեղ լինում, «Հրազդան կ/մ» ՓԲԸ-ից շահաբաժինը կազմում է 805.900.000 դրամ, «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲԸ-ից` 20.100.10 դրամ: Մի խոսքով՝ նրա դրամական միջոցները, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, կազմում են 200 միլիոն դրամ:

Իսկ ահա նրա հայտարարագրած շարժական գույքի մեջ մտնում են միանգամից հինգ մեքենաներ՝ «Տոյոտա Սեժվոյ»` 2005թ. արտադրության, «Մերսեդես S 500 »`1997 թվականի արտադրության, «Մերսեդես G55-AMG» ` 2007թվականի արտադրության, «Պորշ KN»` 2005 թվականի արտադրության և «Ռենջ-Ռովեր sport»` 2007 թվականի արտադրության: Վերջին երկուսն ահռելի թանկ են: Այս ոլորտում առուվաճառք իրականացնող մասնագետների հավաստմամբ, «Տոյոտա Սեժվոյը» նվազագույնն արժե 40-50 հազար դոլար, «Պորշ KN»-ը մոտ 60 հազար դոլար, «Մերսեդես S 500»-ն առնվազն 40 հազար դոլար, մյուս «Մերսեդեսը» 150 հազար դոլար, իսկ «Ռենջ-Ռովեր sport»-ը` նվազագույնը 120 հազար դոլար:

Այս ընտրատարածքում միջին հարստության տեր կարելի է համարել ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին, որը միանգամից երկու բնակարան ունի Գյումրու Գարեգին Նժդեհ 4-րդ շենքում, նրան են պատկանում այս շենքի 55-56 բնակարանները` 108 քմ տարածքով և 136 քմ տարածքով նկուղը: Գյումրեցի պատգամավորը համատեղ սեփականությամբ երկու բնակարան ունի նաև Երևանի Յան Ռայնիսի 7-րդ շենքում: Հովհաննես Մարգարյանը հողամաս ունի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում` 0,76 հա մակերեսով: Նրա միակ եկամուտը Աժ-ից ստացած աշխատավարձն է` 3.600.000 դրամ: Իսկ դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել է 3 միլիոն 750 հազար դրամ:

Մի խոսքով, այս ընտրատարածքում ամենաաղքատ թեկնածուն 75- ամյա ՀՀՇ-ական Շալիկո Զորյանն է, որը չնայած թոշակային տարիքին` «Փոկաս» ՍՊԸ-ի հաշվապահն է: Նրա միակ սեփականությունը Աշոցքի իր տունն է, իսկ շարժական գույքը , ի տարբերություն Աղաբաբյանի, «Գազ 52-04» բեռնատար մեքենան է: Վերջինիս եկամտի աղբյուներն են թոշակը, որը 1 տարվա ընթացքում կազմել է 444 հազար դրամ և «Փոկաս» ՍՊԸ-ից ստացված աշխատավարձը `660 հազար դրամ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30