Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտավազդ Սուքոյանի նախագահությամբ այսօր ավարտվեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով նախնական դատական նիստը: Դատաքննությունը նշանակվեց մայիսի 11-ին, ժամը 15-ին: Նախնական դատական նիստին Վլադիմիր Գասպարյանի շահերի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը փորձեց ճշտել այն արտահայտությունները, որոնք Վլադիմիր Գասպարյանն արտահայտել էր անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին՝ «Զինուժ» հեռուստատեսային հաղորդաշարի ժամանակ, ինչպես նաեւ հոկտեմբերի 17-ին՝ «Հրապարակ» օրաթերթին տրված հարցազրույցի ժամանակ («Ցավացող ծնողը ստի չի դիմի»): Արա Զոհրաբյանը պահանջում էր, որ հայցվոր կողմը (ներկայացուցիչն էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը) հիմնավորեն Վլադիմիր Գասպարյանի արտահայտությունները վիրավորա՞նք են, թե՞ զրպարտություն: Վահե Գրիգորյանն ասաց, որ արտահայտությունները դիտում են փաստերի շարադրանք, որը դիտվում է զրպարտություն՝ Վովա Գասպարյանի կողմից արված:
Վահե Գրիգորյանը դատարանին ներկայացրեց այդ արտահայտությունները. «20 տարեկան պոչիկներով լակոտներին որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով՝ ես դա չեմ հանդուրժելու: Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ մի ոտանին»: Մեկ այլ արտահայտությամբ էլ Վովա Գասպարյանն ասել էր՝ «իսկ ձեր պատվիրատուները էլ ի՞նչ հանձնարարություն են ձեզ տվել՝ իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակե՞ք եւ հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»:
Նախկինում պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը նաեւ ասել էր. եթե պատերազմ լինի, նրանց գտնել հնարավոր չի լինի: Այդ կապակցությամբ Արա Զոհրաբյանը դիմեց դատարանին. «պատերազմ արեք», որպեսզի հնարավոր լինի ապացուցել: Ըստ Արա Զոհրաբյանի, Վլադիմիր Գասպարյանի դատողությունները հիմք չեն, որպեսզի անձը ապացուցման բեռը վերցնի իր վրա: Ավելին, նա ակնարկեց, որ հայցվոր կողմը պիտի ապացուցի, թե պատասխանողը իրենց է հատկապես նկատի ունեցել:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ