Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ առաջնորդը խոստացավ. «Քիչ ասելու ենք, շատ անելու»

Ապրիլ 10,2012 17:14

«Մենք երբեք ավելորդ բառեր չենք ասելու: Քիչ ասելու ենք, շատ անենք»,- Կոտայքի մարզի Նոր Հաճն եւ Բյուրեղավան բնակավայրերում նախընտրական հանդիպումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ի դեպ, պարոն Ծառուկյանն այսօր նախընտրական հանդիպումներին ներկայացավ առանց համամասնական ցուցակի անդամների ուղեկցության, սակայն ջանաց լավագույնս ներկայացնել իր թիմը, ասելով, որ անհնարին ոչինչ չկա եւ այն ամեն ինչը, որ գրված է ԲՀԿ նախընտրական ծրագրում՝ իրենց թիմը կյանքի է կոչելու: Նրանք, ովքեր չեն գիտակցի, որ ընդգրկվում են ԲՀԿ-ի թիմում ոչ թե վայելքների, այլ ժողովրդի առջեւ պատասխանատվություն ստանձնելու համար, իրենց տեղը կզիջեն այլոց:

Ծառուկյանը նաեւ հայտարարեց, որ իրենց թիմին հետագա աշխատանքի հնարավորության դեպքում կուսակցության նախընտրական խոստումները 2-3 ամսվա ընթացքում կյանքի կկոչվեն: «Հնարավորություն, պայման, մրցակցություն»,- սրանք են ըստ Ծառուկյանի այն անհրաժեշտությունները, որոնք երիտասարդներին հույս ու հավատ կներշնչեն ու կվերացնեն ստեղծված կարծրատիպը, թե ծանոթ-բարեկամ չունենալու դեպքում ինքն առանց աշխատանքի կմնա: «Բոլորի համար ճանապարհը մեկը պետք է լինի: Բանիմացը, խելացին, արդյունավետ ճանապարհ առաջարկողն էլ պետք է հաղթի: Միայն այդ դեպքում մենք կարող ենք ունենալ հզոր, բարգավաճող պետություն, բարեկեցիկ ընտանիք»,- ասաց Ծառուկյանը՝ կոչ անելով առաջիկա ընտրություններին գնալ պատասխանատվության գիտակցումով եւ քվեարկել սրտի կամոք ու դրանով կերտել սեփական ապագան:

«Ընտրություններին բոլորդ մասնակցեք, ուշադիր նայեք, հետեւեք ամեն մի կուսակցության ղեկավարի ապրածը, արածը, ստեղծածը, խոսքը ու դրանից հետո կողմնորոշվեք: Ձեզ հնարավորություն է տրվել որոշում կայացնելու: Դուք ձեր իրավունքները ճիշտ չեք օգտագործում: Դուք պետք է մտածեք ձեր ապագայի, ձեր երեխայի ապագայի մասին: Ձեր հոգին ոնց կթելադրի, այդ օրը նեղություն քաշեք, որովհետեւ դա արվում է մեր համար, ձեր համար, մեր երկրի համար, մեր բալիկների համար: Ես բոլորիդ շատ սիրում եմ, հարգում եմ, որպես Ծառուկյան Գագիկ, միշտ էլ օգտակար եմ լինելու: Աստված ինձ հնարավորություն է տվել, ես պիտի կարողանամ այդ հնարավորությունը ճիշտ օգտագործել, բայց ինձ ճիշտ հասկացեք՝ բարեգործությամբ երկիր չես կառուցի: Պետք է տնտեսությունը զարգանա, երկիրը զարգանա, որ սոցիալական վիճակը լավ լինի: Բարեգործությունը մարդու հոգու մխիթարանք է, թեթեւություն է, կամեցողություն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30