Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. Արեւմտյան կամ արեւելյան խորհրդական չունենք (Տեսանյութ)

Ապրիլ 10,2012 16:40

«Սիվիլիթաս» հիմնադրամի «Հարյուր հարց ու պատասխան» խորագիրը կրող քննարկումների այսօրվա հյուրը «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էր:

Հարցին՝ արդյոք չի՞ մասնակցելու նախագահական ընտրություններին, ինչպես հայտարարել էր մեկ տարի առաջ, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե Հայաստանի նոր սերունդը առաջ բերի նոր այլընտրանք, նրան կզորակցենք իբրեւ ավագ քաղաքացի»: Դա տեղի չունենալու դեպքում, իր ձեւակերպմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պահեստային տարբերակ է: Նա շարունակում է պնդել, որ ընտրողների ցուցակները ոչ միայն ուռճացված են ներկա-բացակայով եւ սահմանադրական իրավունքի կոպիտ խախտումներով, այլեւ կրճատված, որովհետեւ 100000-ավոր քաղաքացիներ գտնվելու վայրով պայմանավորված՝ զրկված են ընտրելու իրավունքից:

Անդրադառնալով 4 կուսակցություններով (ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ եւ ՀՅԴ) Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ձեւավորելուն, «Ժառանգության» առաջնորդը նշեց, թե կցանկանար, որ ոչ թե 4 կուսակցություն, այլ բոլոր ուժերը միասին հաստատեին ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների չափանիշները: Ամեն դեպքում, «Ժառանգությունը» մայիսի 6-7-ին կտա իր քաղաքացիական ամբողջական գնահատականը ընտրությունների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է այն հրապարակմանը  , թե Րաֆֆի Հովհաննիսյանը «խաղեր է տալիս» , «Ժառանգության» նախագահն ասաց. «Ես այդ քննադատությունը չեմ տարբերում մեր հասցեին ուղղված իշխանական ժանրի քննադատությունից»: Ապա հավելեց, որ «ժառանգությունը» երբեք իր գիծը չի փոխել եւ հեռանկարում միշտ էլ 3 նպատակ է ունեցել՝ քաղաքացու իրավունքը իր իսկ երկրում, ՀՀ ինքնիշխանությունը եւ ազգային շահը. «Իսկ եթե ՀՀ արդի պատմության ընթացքում լինի արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրություն, «Ժառանգությունը» չի բացառում համագործակցությունը հաղթող ուժի հետ»: Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկություն հայտնեց, որ բացառվի կուսակցական ինքնության նույնացումը պետականության հետ, ինչը հիմա առկա է:

Դիտարկմանը, թե «Ժառանգությունը» այնպիսի դիրք է գրավել, որ ձայներ է խլում այլ ուժերից, այսինքն՝ ով չի ընդունում ՀԱԿ-ին, ձայնը տալիս է «Ժառանգությանը», ով դեմ է իշխող ուժին, «Ժառանգությունն» է նախընտրում, իսկ դա լուրջ կասկածներ է հարուցում, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ժառանգությունը» չի խլում այս կամ այն ուժի քվեն, «Ժառանգությունը» տանում է իր բնավորությանը հարազատ գիծը, որեւէ տեխնոլոգիա, որեւէ արեւմտյան կամ արեւելյան խորհրդական չունենք»: Իսկ հաղթելու դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է, որ ժողովուրդը կունենա իրեն պատկանող մեծամասնությունը խորհրդարանում ու կառավարությունում, բազմաթիվ քաղաքացիների կվերադարձվի ընտրելու, կրթության եւ մնացած այլ իրավունքները, կլինեն սոցիալ-տնտեսական փոփոխություններ:

Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ իրենց զորակցողները մարդիկ են, ովքեր պարտադիր չէ, որ միտինգավորներ լինեն, քաղաքացիներ են, որոնք տեսել են «ժառանգության» անդամներին ժողովրդի կողքին՝ լինի դա մարտի մեկ, բանտարկություն, թե իրավազրկություն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30