Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) անդամ Գուրգեն Եղիազարյանի տեղեկություններով, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բոլոր բուժաշխատողները երեկ մտել են Հանրապետական կուսակցության շարքերը: Այսօր «Փաստարկ» ակումբում պարոն Եղիազարյանը սա բացատրեց ՀՀԿ-ի՝ ընտրությունները կեղծելու մտադրությամբ. «Պետք է ցույց տան, որ իրենց կուսակցության անդամները մի քանի հարյուր հազար են, ու այդ անդամներից մեկն էլ իր ընտանիքից մեկին կողմնորոշեց ՀՀԿ-ի օգտին, արդեն բավականին շատ ձայներ են»:
Նրա խոսքերով, հանրապետականները աջ ու ձախ կեղծիքներ են տարածում: Ավելի ուշ Aravot.am-ին ասաց, որ առաջիկա ընտրություններում հանրապետականների ամենամեծ կեղծիքը հանգուցյալներին, բացականերին ընտրությունների բերելն ու ձայներ կորզելն է լինելու.«Այնքան կեղծիք եմ սրանցից տեսել: Ասում են՝ ընտրացուցակները ինտերնետում կան, այո՝ կան, բայց այդ ցուցակներն ու այն ցուցակները, որոնք տպվում են, կարող է լրիվ այլ ցուցակներ լինեն: Այսպես թե այնպես՝ ՀՀԿ-ի առաջին հույսը հանգուցյալներն են, հետո՝ բացակաները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ