ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն այսօր կայացած ասուլիսում հայտնեց, որ ինքը թիվ 4 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է որպես մեծամասնական թեկնածու, չունի եւ ոչ մի նախընտրական շտաբ, քանի որ այն բոլոր` գրեթե 30 տարածքների տերերը, որոնց հետ ինքը նախնական պայմանավորվածություն է ունեցել տարածք վարձակալելու, հրաժարվել են տրամադրել այդ տարածքները` վախենալով, որ «հերները կանիծեն», կկորցնեն տուն, աշխատանք եւ այլն: Ու քանի որ այդպես էլ ՀԱԿ ցուցակում 4-րդ տեղը զբաղեցնող Արամ Մանուկյանը չի կարողացել տարածք վարձակալել, հիմա հաճույքով եւ սիրով ընդունում է իր ընկերների եւ համակիրների աջակցությունը, որոնք առաջարկել են իրենց բնակարաններն օգտագործել` որպես շտաբ: Panorama.am-ի հարցին` իսկ ձեր նախկին կուսակից Սուրեն Սիրունյանի առաջարկը` անհատույց տարածք տրամադրել շտաբի համար, կընդունե՞ք, Արամ Մանուկյանը պատասխանեց, թե շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր արել են այդ առաջարկները` անկախ նրանից, թե ինչ մոտիվացիա են ունեցել, բայց առավել շնորհակալ է նրանց, ովքեր այդ առաջարկներն արել են` «չցուցադրվելով»:
Այս կապակցությամբ «Առավոտը» Սուրեն Սիրունյանից հետաքրքրվեց` ուժի մե՞ջ է իր առաջարկը: «Եթե Արամ Մանուկյանի մտածելակերպը էդքանն է, որ ես քայլ եմ անում ի ցույց դնելու համար, ուրեմն նա ինձ շփոթել է իր անձի հետ, որովհետեւ իրենց գործողություններն են` անել ամեն ինչ հասարակությանը ցույց տալու համար, որ իբր իրենք պրոբլեմ ունեն, իրենց տարածքներ չեն տալիս: Ես ընդամենը բարի նպատակներով Արամ Մանուկյանին դա առաջարկել եմ, եւ իր պատասխանը փոքրոգի մարդու պատասխան է: Ես քաղաքականությամբ զբաղվելը հրապարակային եմ պատկերացնում, իսկ իր ասածը մարդու ականջին շշուկով խոսելու, խարդավանքների գնալու ձեւ է»:
«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ի ներկայացուցիչներից հենց ի՛ր հետ է նման խնդիր առաջացել, որովհետեւ, օրինակ, Վլադիմիր Կարապետյանը երեկ արդեն հայտարարեց, որ երեք շտաբ ունի Նորքի զանգվածում, եւ մյուս թեկնածուներն էլ կարծես թե նման խնդրի առաջ չեն կանգնել, ՀՀՇ նախագահը պատասխանեց, որ չի ուզում անհամեստ թվալ, սակայն. «Չեմ ցանկանում իմ գործընկերներին վիրավորել, բայց ինձ թվում է իմ նկատմամբ արշավը մի փոքր շատ է կազմակերպված, նրանք տեսնում են, որ իմ ընտրվելու հնարավորություններն ավելի շատ են»:
Ի դեպ, այս մասին իր տեսակետն ուներ նաեւ Սուրեն Սիրունյանը.«Շատ զարմանալի է, որ էդ պրոբլեմը միշտ մենակ Արամ Մանուկյանի մոտ է առաջանում: Որեւէ բան կյանքում չի կարողանում գտնի, բայց հիմա վստահ եմ, որ այն, ինչ ինքը 15 տարի ման էր գալիս, կգտնի` Ազգային ժողովի մանդատը, քանի որ ինքը ցուցակում 4-րդ համարն է»:
Կարդացեք նաև
Ի գիտություն Արաբկիրի բնակիչների. Արամ Մանուկյանը պատրաստվում է անձամբ այցելել տարածքի բնակիչներին` «երեք հազար տուն եմ այցելելու», եւ զրուցելու է «բազմոցային եւ խոհանոցային ընդդիմության հետ»: Ըստ պարոն Մանուկյանի` այդ «տնետուն» կամ «դռնեդուռ» ծրագիրը, որն ինքը պատրաստվում է իրականացնել, շատ ավելի լավն է, քան ջեմ ու կոմպոտ բաժանելը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ