«Ես ավելորդ բաներ չեմ ասելու, ասելու եմ այն, ինչը անելու ենք: Բոլորն էլ դատարկ խոսում են: Ես էլ եմ նայում քարոզարշավը, հեքիաթը շատ է»,- Նոր Հաճնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Aravot.am-ը պարոն Ծառուկյանից հետաքրքրվեց, թե իր դիտարկումներով հատկապես ո՞ր կուսակցությունն է ամենաշատ «հեքիաթը» օգտագործում իր քարոզարշավում: «Դա բոլորին է վերաբերվում, իրենք թող (քաղաքական ուժերը) ուշադիր լինեն: Դրա գնահատականը ժողովուրդը պետք է տա»,- ասաց պարոն Ծառուկյանը, հավելելով, որ ԲՀԿ-ն իր քարոզարշավում անգամ չի ասում, որ իրեն ձայն տան. «Ասում եմ՝ նայեք, ում կնախընտրեք՝ նրան էլ ձայն տվեք: Որեւէ մեկը նման քարոզարշավ անցկացնո՞ւմ է: Բոլորը կուրծք են ծեծում՝ ինձ, ինձ…»:
Նոր Հաճնում Գագիկ Ծառուկյանը նաեւ ասաց, որ բարեգործությունը թեթեւություն է եւ հոգու մխիթարանք, որով երկիր չես պահի. «Ոչ անգիր եմ արել, ոչ դիսերտացիա եմ պաշտպանել, ինչ ասում եմ՝ իմ օրինակից եմ ասում, ինչով որ անցել եմ, ինչ որ հասկացել եմ, իմ սրտի խոսքն եմ ձեզ ասում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ