Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունները մոտ 164 հազար ձայն են կորցնում

Ապրիլ 10,2012 14:43

Վերջին 9 տարիների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերի մատչելությունը մեր հանրապետությունում բարելավվել է ընդամենը 2 %-ով, այն էլ հասարակական կազմակերպությունների դրամաշնորհների միջոցով: ԵԱՀԿ եւ հ/կ-ների ուսումնասիրություններից պարզվել է, որ 2003 թվականին ընտրատեղամասերի 87%-ն է անմատչելի, իսկ 2007-2008 թվականների ԱԺ եւ նախագահական ընտրությունների ժամանակ 85%-ն է անմատչելի եղել: Այս տվյալներն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց «Փարոս» հ/կ-ի նախագահ Սուրեն Օհանյանը: Նրա խոսքերով, այդ կերպ խախտվում է ՀՀ Սահմանադրությունը. «Որտեղ հստակ ասված է` ընտրությունները բոլորի համար հավասար են եւ նրա երաշխավորը պետությունն է»:

Ընտրատեղամասերի մատչելիության ապահովումը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Պարոն Օհանյանի ներկայացմամբ` նախորդ տարվանից լինելով հանրապետության մի շարք մարզերում՝ պարզել են, որ ՏԻՄ-երը պատրաստ չեն ընտրատեղամասերի մատչելիությունն ապահովել: Այս խնդիրը հասարակական կազմակերպությունները ներկայացրել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որն էլ խոստացել է ազդեցություն ունենալ ՏԻՄ-երի վրա, որպեսզի որոշակիորեն խնդիրը լուծվի:

Պարոն Օհանյանը ներկայացրեց մի քանի մարզերի տվյալներ, որտեղ քիչ թե շատ աշխատանքներ են տարվում ընտրատեղամասերը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց, սակայն «Եթե այս տեմպերով շարժվեն, մոտ 40 տարի է պետք, որ 100 տոկոսանոց մատչելիություն լինի»:

Կուսակցությունների ցուցակներում հաշմանդամ անձին չներառելը, բացառությամբ մեկ կուսակցության, Սուրեն Օհանյանի կարծիքով, հստակ արտացոլում է այդ կուսակցությունների վերաբերմունքը նրանց նկատմամբ. «75 գրանցված կուսակցություններից 65 կուսակցության ներքին քաղաքականության, սոցիալական ուղղվածության կամ գաղափարական հիմքերի մեջ որեւէ տեղ չես գտնի հաշմանդամ բառը: 10 կուսակցության մեջ կա, որտեղ հաշմանդամ բառը ասոցացվում է ծերերի, գաղթականների, բռնադատվածների, անօթեւաների հետ»:

Ըստ հ/կ նախագահի, չնայած այդքան կուսակցությունների մեջ ընդամենը մեկն ունի որոշակի ուղղվածություն հաշմանդամ անձանց կրթության եւ աշխատանքի խնդրի վերաբերյալ. «Ո՞վ պիտի հաշմանդամություն ունեցողների խնդիրները բարձրացնի. եթե որեւէ մեկն իր ծրագրում չի ներառել»:

Մոտ 164 հազար ընտրող հաշմանդամ անձ կա Հայաստանում, կամ բնակչության մոտ 6 %-ը, եւ փաստորեն կուսակցությունները նրանց խնդիրներն անտեսելով՝ լուրջ ընտրազանգված են կորցնում: Պարոն Օհանյանի խոսքերով`«Ոչ ոք չի գիտակցում, որ սա հսկայական պոտենցիալ է, որը պետք է օգտագործել, նաեւ ԱԺ տանել: Թերահավատորեն են վերաբերվում»:

Ասուլիսին ներկա «Հարմոնիա» հ/կ-ի նախագահ Ալբերտ Աբգարյանն էլ, որը նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմում է աշխատում՝ չնայած ինքը, ըստ էության, ՀՀԿ թիմում է աշխատում, բայց ցուցակում ներգրավվելու առաջարկ չի ստացել: Սակայն համոզված է, որ խորհրդարանում միայն հաշմանդամություն ունեցող անձը կարող է նման խնդիրների շուրջ հարցեր բարձրացնել եւ ճիշտ լուծումներ առաջարկել:

Պարոն Աբգարյանի ներկայացմամբ` տեսողական խնդիրներ ունեցողների համար 2007-ին ներդրվեց ստվարաթղթե կաղապարների ներդրումը, որն այս տարի եւս կկիրառվի, սա հնարավորություն է տալիս քվեարկել ինքնուրույն եւ ապահովել ընտրության գաղտնիությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30