Լրահոս
Օրվա լրահոսը

Կումայրի արգելոցը «մեռնում» է

Ապրիլ 10,2012 14:04

Գյումրի քաղաքի միջուկը՝ Կումայրին, համարվում է աշխարհի 100 անհետացող թանգարան-արգելոցներից մեկը: 1800-ականներից ժառանգություն մնացած 1000-ից ավելի կառույցներ (լուսանկարում) ամփոփում ու ամբողջացնում են Կումայրի արգելոց- թանգարանը: Այն իր բացառիկ կոլորիտային շինություններով՝ քաղաք է քաղաքի մեջ: Բազմաթիվ ծրագրեր են եղել, թե ինչպես փրկել կառույցները ոչնչացումից, սակայն գործնակում որեւէ ծրագիր չի իրականացվել: Լավագույն դեպքում այն տները, որոնք դեռ բնակիչ ունեն, ներքին կոսմետիկ նորոգման են ենթարկվել, մյուսները օրեցօր ավելի վթարային են դառնում: Ի դեպ, Կումայրի արգելոցի կառույցների մեծ մասը ընդգրկված չէ Գյումրիի վթարային կառույցների ցանկում: Նրանք համարվում են առանձին միավոր, եւ վերանորոգում կատարելը նշված կառույցներում շատ դեպքերում արգելված է: Այսօր էլ՝ չնայած Կումայրի արգելոցի շատ կառույցներ վթարային են ու կանգնած են ոչնչացման եզրին, շարունակում են հայկական ֆիլմեր նկարահանել: Այստեղ հին հայկական կոլորիտը, ի պատիվ գյումրեցիների, պահպանված է: Կումայրի արգելոցի բնակարաններից մեկը պատկանում է գյումրեցի Շողիկ Միքայելյանի պապին, այն ավելի քան 120 տարվա կառույց է, երկար ժամանակ չի վերանորոգվել: «Կումայրի արգելոցի կառույցներում վերանորոգում կատարելն անթույլատրելի է»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Շողիկը: Նրա խոսքերով, փոխել են աստիճանավանդակը, պաստառները, բայց, օրինակ, դռներին, առաստաղին աշխատել են ձեռք չտալ՝ հին քաղաքի շունչը պահպանելու համար: Ժամանակի ընթացքում տների մեծ մասը դատարկվել է, քանի որ բնակիչներին արգելվում էր վերանորոգում կատարել, իսկ կառավարական մակարդակով ոչինչ չի արվել: Տիկին Միքայելյանի բնակարանի հարեւանությամբ կա եւս մեկ շինություն, որի մի հատվածն ամբողջությամբ քանդված է՝ ժամանակին եղել է 22 սենյականոց բնակարան: Այն ձեռք է բերել Աստղիկ Վենետիկյանի մորական պապը՝ 1917թ.-ին: Տանն ապրել են գերդաստանով՝ 4-5 ընտանիք: Տունը 5 մուտք ունի: Ավելի քան 25 մարդ է բնակվել, հիմա 22 սենյականոց տան մեկ սենյակում 70-ամյա Աստղիկ Վենետիկյանն է բնակվում: Նա ասաց, որ ամեն ինչ պահպանել է: Տիկին Աստղիկի երազանքն է, որ այս բնակարանը դառնա թանգարան: Կարող է նաեւ որպես հյուրանոց ծառայել, ճաշարան ունի, լավ պահպանված 2 թոնիր: Հարեւանությամբ էլի շատ բնակարաններ կան, որոնց տերերը վաղուց հեռացել են, տիկին Աստղիկն էլ պատրաստվում է գնալ Երեւան՝ քրոջ որդու մոտ բնակվելու: Այսպես շարունակվելու դեպքում՝ նրա բազմասենյականոց բնակարանի դուռը շատերի պես կփակվի:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30