Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրթական համակարգի հիմնական խնդիրը կրկնուսույցների դեմ պայքա՛րը չէ

Ապրիլ 10,2012 13:56

Ուսումնական պրոցեսը դպրոցում ենթադրում է անընդհատ բարեփոխումների իրականացում՝ թե ծրագրային նյութի ծավալային իմաստով, թե նյութի մատուցման նոր ձեւերի, մեթոդների իմաստով: Որպեսզի մենք կարողանանք ճիշտ ըմբռնել կամ հասկանալ՝ որեւէ փոփոխություն դպրոցում բարեփոխում է, թե հակառակը, մի պահ փորձենք հասկանալ՝ որն է այն առանցքը, այն հենման կետը, որի շուրջ պտտվում է կամ որի վրա հենվում է հայոց դպրոցը կամ հայեցի կրթությունը:

Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ այդ առանցքը կամ հենման կետը հայ օրինակելի ուսուցիչն է՝ իր մասնագիտական բարձր որակավորմամբ եւ բարոյա-կամային բարձր հատկանիշներով: Իր այդպիսի կեցվածքով հայ ուսուցիչը դասարանում եւ պատասխանատու ու սիրող ծնող է, եւ գիտելիքի անսպառ աղբյուր: Մեր ժողովուրդը իմաստուն խոսքեր ունի, որոնցից մեկը պնդում է, որ «պատերազմի դաշտում կռվում են զինվորները, իսկ հաղթում կամ հաղթվում են ուսուցիչները»:

Սովետահայ դպրոցի նպատակը սովետական քաղաքացի դաստիարակելն էր, սակայն այդ դպրոցը հայեցի կրթություն էր տալիս իր սաներին: Եթե մի դպրոցում կար գոնե մեկ, ըստ էության, կայացած ուսուցիչ, այդ դպրոցը խորին հարգանք ու հեղինակություն էր վայելում:

Ցանկացած ուսուցչի վերաբերվում, նրա մասին խոսում էին խորն ակնածանքով: Հատկապես ցածր դասարաններում այդ ակնածանքն այնքան մեծ էր, որ մենք մեր սիրելի ուսուցիչներին վերագրում էինք Աստվածանման հատկություններ: Ուսուցչի մասնագիտությունը համարվում էր սուրբ մասնագիտություն. այնպես, ինչպես եղել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ժամանակներում:

Մեր ժողովրդի այն ստվար հատվածը, որն, ըստ էության, Քրիստոնեական արժեհամակարգի կրողն է, շատ լավ գիտի այդպիսի ուսուցչության արժեքը: Պատահական չէ, որ Մեծն աշուղ Ջիվանին իր «Ձախորդ օրեր» քերթվածքի մեջ գրում է. «Երկիրն ուսյալ զավակին է փայփայում մոր պես»: Իսկ նույնքան մեծ աշուղ Շիրինն իր «Երբ զորաց Տերն Աստված» քերթվածքում այդպիսի ուսուցչի ճշգրիտ սահմանումն է տալիս եւ նրան կոչում «ազգային համալսարան»: Այդպիսով, մենք կարող ենք եզրակացնել, որ որեւէ փոփոխություն հայոց դպրոցում բարեփոխում չէ, եթե այն սասանում է կայացած ուսուցչի հեղինակությունը դպրոցում կամ շրջապատում:

Այս տեսանկյունից ոչ մի չափով չի արդարացվում տարիներ առաջ ԿԳ նախարարության կողմից իրականացված դպրոցի, այսպես կոչված, «օպտիմալացման» ծրագիրը, երբ բազմաթիվ վաստակաշատ ուսուցիչներ վտարվեցին դպրոցից, որպեսզի նրանց վճարվող չնչին աշխատավարձերի հաշվին չվտարված ուսուցիչները «ստանան» արժանավայել աշխատավարձ:

Տարիներ շարունակ եւ մինչ օրս արհամարհական երանգով եւ տարբեր ամբիոններից խոսվում է կրկնուսույցների մասին: Խոսվում է այնպիսի ժրաջանությամբ եւ արհամարհանքով, կարծես այսօրվա կրթական համակարգի հիմնական խնդիրն այդ կրկնուսույցների դեմ պայքարելն է: Չի էլ կոնկրետացվում, թե ով է այդ կրկնուսույցը, եւ ինչ է նշանակում կրկնակի ուսուցանել: Սովետական շրջանում էլ կային կրկնուսույցներ, բայց անհամեմատ ավելի քիչ, քան հիմա:

Նախ եւ առաջ նշենք, որ այդ կրկնուսույցները, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, մեր լավագույն ուսուցիչներն ու դասախոսներն են: Քանի որ սովետական ուսուցչի աշխատավարձը եւ սոցիալ-տնտեսական պայմաններն անհամեմատ լավ էին, քան հիմա, ուսուցիչների փոքր մասն էր զբաղվում լրացուցիչ՝ կրկնուսույցի աշխատանքով: Այսօրվա գների պայմաններում ուսուցչի աշխատավարձը չնչին է: Եթե հաշվի առնենք, որ դպրոցում աշխատող ուսուցիչը կամ դասախոսը չի կարող զբաղվել որեւէ այլ աշխատանքով, ապա ուսուցիչն իր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար կամ պետք է հեռանա ոլորտից, կամ պետք է լրացուցիչ աշխատի տանը՝ ոչ թե որպես կրկնուսույց, այլ՝ որպես բարձրորակ ուսուցիչ եւ մանկավարժ ամենախորն իմաստով: Այսօր մեզանում, կարելի է ասել, ուղղակի թե անուղղակի կայացել է կրկնուսույցների՝ մեր լավագույն մանկավարժների մասնավոր դպրոցը, որ լրացնում է հանրակրթության բոլոր թերի ու բաց կողմերը: Այն ամբողջովին լցնում է այն անջրպետը, որը գոյացել է բուհական կրթության պահանջների եւ հանրակրթության ապահոված կրթական մակարդակի միջեւ: Այդ դպրոցի շնորհիվ ուսուցիչը կարողանում է գոյատեւել արժանապատվորեն եւ ծառայել հանրակրթությանն ու հայրենիքին: Ես խիստ կասկածում եմ այն մարդկանց հայրենասիրության վրա, ովքեր, կրկնուսույց պիտակը կպցնելով կայացած հայ ուսուցչին, փորձում են արատավորել նրա հայրենանվեր եւ հայանպաստ գործունեությունը: Ախր այսօր հայոց դպրոցը՝ հանրակրթությունը տնքում է չլուծված պրոբլեմների տակ: Բոլոր առարկաների ծրագրերն անհարկի եւ անիմաստ ուռճացված եւ ծանրացված են: Ոչ մի չափով հաշվի չի առնվում, թե տվյալ տարիքի միջին ունակություններով աշակերտն ի վիճակի՞ է կրել այդպիսի ծանրաբեռնվածություն: Կոնկրետացված չեն հանրակրթության ուսուցման կոնկրետ նպատակները՝ որպես պետականորեն հիմնական օջախ: Ոչ մի ձեւով հնարավոր չէ իմաստավորել 12-րդ դասարանը ներմուծելը:

Այս բոլոր խրթին պրոբլեմները, դասագրքերի ոչ հայեցի լեզուն ու խրթնաբանությունները ջարդվում են մեր հայրենիքի ապագայի հիմնական պատասխանատուի՝ խեղճ ու կրակ հայ ուսուցչի գլխին: Մասնավորապես, եթե ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներին կատարելապես չես տիրապետում, եղած դասագրքով չես կարող ըմբռնել-սովորել այդ առարկաները: Ոչ մի գերազանցիկ աշակերտ ի վիճակի չէ վերարտադրել այդ դասագրքերի գիտական, ակադեմիական լեզուն: Արդյունքում աշակերտների մոտ առաջանում է այս առարկաների նկատմամբ անհաղթահարելիության կոմպլեքս, եւ մենք կորցնում ենք աշակերտների մի ստվար մասին, որ պետք է ուսումը շարունակեր տեխնիկական բուհերում: Առանց տեխնիկական մտավորականության ես չեմ պատկերացնում մեր հայրենիքի ապագան:

Իսկ ի՞նչ պետք է անել: Ի սեր Աստծո, փոքրացրեք փոփոխելու արագությունը, որպեսզի ուսուցիչը հասցնի լուծել նոր առաջացող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պրոբլեմները: Հակառակ պարագայում, Աստված մի արասցե, արագության գերազանցումը կհանգեցնի վթարի եւ անդառնալի կորստի:

ԱՐՄԵՆԱԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ֆիզմաթ գիտությունների
դոկտոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30