Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ երգ «կերգեն» քաղաքական ուժերը քարոզարշավին

Ապրիլ 10,2012 13:54

Մյուսները՝ ռոքից մինչեւ ազգային գոհարներ, իսկ ՀԱԿ-ը միայն մեղեդի կհնչեցնի

Վերջին շրջանում մեր երկրում քաղաքական ուժերը սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել  քարոզարշավային երգերին ու քաղաքական բնույթի տեսահոլովակներին: Արվեստներից ամենադյուրամարս ու վարակիչ երգի ժարին արագ արձագանքում են հասարակության գրեթե բոլոր շերտերը: Ինքներս դրանում համոզվեցինք, երբ ԱՄՆ-ի՝ նոյեմբերին կայանալիք  նախագահական ընտրությունների քարոզարշավը դեռ չսկսած, Բարաք Օբամայի հակառակորդ Միթ Ռոմնիի երգի տեսահոլովակը մեծ աղմուկ հանեց ոչ միայն իր երկրում: Երգն այն մասին էր, թե ի՜նչ արհավիրք է սպասում Ամերիկային, եթե հանկարծ ԱՄՆ նախագահ Օբաման վերընտրվի:

Հիմա դառնանք մեր երկրին ու մեր խորհրդարանական ընտրություններին: Երեկվանից մեկնարկել է քարոզարշավը, եւ հայաստանյան TV-ներով մինչեւ մայիսի 4-ը հեռուստահանդիսատեսը կլինենք նոր տեսահոլովակների:

«Առավոտը» որոշ կուսակցություններից հետաքրքրվեց այս ընտրություններին նրանց քարոզարշավային երգերով:

ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանն ասաց, որ իրենք հատուկ երգ չեն պատվիրում քարոզարշավներում հնչեցնելու համար. «Ընտրարշավին, համոզված ենք, ամենաբնորոշը կուսակցության օրհներգը հնչեցնելն է: Մենք ունենք երկու օրհներգ, որոնք, իմ կարծիքով, էմոցիոնալ են ու ոգեւորող: Սա դասական ձեւ է, նույն սկզբունքով էլ նկարահանված է մեր տեսահոլովակը: Այս առիթով նախորդ տարիներին քանիցս գովեստի խոսքեր եմ լսել քաղաքացիներից: Ավելորդ ենք համարում նոր բաների մեջ մտնելը (նկատի ունի հատուկ երգ պատվիրելն ու ձայնագրելը֊-Ս. Դ.)»:

ՀԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը փոխանցեց, թե իրենք եղել եւ մնում են հավատարիմ Արամ Խաչատրյանի ու Սարմենի հեղինակած Խորհրդային Հայաստանի հիմնին. «Ափսոս, որ այդպես մեր երկրի հիմնը փոխվեց ու դարձավ «Մեր հայրենիքը»: Ինչո՞ւ պիտի  Նալբանդյանի «թշվառ, անտեր» արտահայտությունը փոխվեր «ազատ, անկախ»-ով: Մանավանդ նալբանդյանական տողերը իսկապես բնորոշում են մեր երկրի այսօրվա վիճակը: Համոզված եմ, որ Խորհրդային Հայաստանի հիմնը շատերին է հոգեհարազատ, մեր տեսահոլովակում էլ  խոսուն կադրեր են»:

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ 2007-2008-ին իրենց նախընտրական երգը եղել է ռոքի ժանրում, «Էմփիռեյ» խմբի եւ դրա մենակատար Սարգիս Մանուկյանի բարձրարվեստ մենաբանմամբ. «Ինչ վերաբերում է նախընտրական այս շրջանին, մենք ունենք ե՛ւ հայրենասիրական բնույթի երգ, ե՛ւ հատուկ մի ստեղծագործություն «թեթեւ» ոճի մեջ՝ ուղղված երիտասարդությանը: Հավատացած ենք, որ դրանք նույն հոգեվիճակն են արտահայտում, այսինքն՝ տեքստային ու մեղեդային առումով լավատեսական են: Հուսով ենք, որ քարոզարշավային մեր երգերը մարդկանց կհաղորդեն դրական էմոցիաներ»:

ՀԱԿ-ից Արման Մուսինյանը հայտնեց, թե իրենք ընտրել են ոչ թե երգի ժանրը, այլ բոլոր ժամանակներում ամենաընկալելին՝ իր ձեւակերպմամբ, նորին գերազանցություն մեղեդին առանց տեքստի. «ՀԱԿ-ը տեքստով ավելի հակված է դիմել հանրահավաքի ու նման միջոցառումների մասնակիցներին, ինչին որ հավատարիմ մնացինք նաեւ ԱԺ ընտրությունների առիթով: Կարճ ասած՝  երգի տեքստը փորձում ենք փոխհատուցել կենդանի խոսքով»:

120-ամյա ՀՅԴ կուսակցության անդամ Լիլիթ Գալստյանն էլ ասաց, թե իրենք՝ դաշնակցականները, թեեւ ունեն պատրաստած 2 երգ՝ խմբերգային  եւ ռոքի ժանրում, այնուամենայնիվ, քարոզարշավի ընթացքում կհնչեցնեն մշակութային ազգային գոհարներից՝ դաշնակցական, հեղափոխական երգեր, որոնք հայոց պատմության արտացոլումն են. «21-րդ դարում, մասնավորաբար երաժշտարվեստում, նոր արժեքներ կան, եւ մենք էլ ուզում ենք իրապես մրցունակ լինել: Օրինակ, քարոզարշավային՝ ռոքի ժանրում գրված երգը ուղղված է երիտասարդությանը, որով արտահայտում ենք նրա վրա շեշտը դնելու մեր համարումը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30