Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի դեմքը

Ապրիլ 10,2012 13:49

Կամավորականը զրկվել է զինվորական թոշակից

Վահրամ Քառյանը թոշակի ենթակա է, բայց չի ստանում:

Երբ ղարաբաղյան պատերազմի նախկին մարտիկն իմացավ, որ ինքը զրկվել է զինվորական հաշմանդամության թոշակից, աչքերը մի պահ մթնեցին: Իրեն չկորցնելով՝ կարծես ելքը գտավ՝ կգնամ, կաշխատեմ: Բայց նույն վայրկյանին հիշեց, որ աշխատունակ չէ, ի վիճակի չէ անգամ ծանրություն բարձրացնել: 40-ամյա վանաձորցի Վահրամ Քառյանի համար պատերազմն ավարտվեց՝ դեռ չսկսած:

1991 թվականն էր, երբ Օդեսայում թողնելով ժամկետային զինվորական ծառայությունը, եկավ Հայաստան ու զինվոր դարձավ արդեն հայրենիքում՝ մասնակցելով Լաչինի միջանցքի ազատագրման գործին:

Արդեն 1992 թվականի ավարտն էր, երբ պատերազմի ընթացքում ձեռք բերեց լյարդի, ստամոքսի հիվանդություններ ու դրանց պատճառով հեռացավ մարտի դաշտից:

Սակայն պատերազմի սեւ հետքը կարծես խորը դրոշմվեց Վահրամի ճակատագրի վրա. առողջական խնդիրների լուծման ծայրը հազիվ նշմարող Վահրամի հարազատները բժիշկների խորհրդով համաձայնեցին Վահրամի ստամոքսի 2/3-ի մասնահատմանը, բայց ամենասարսափելին այն էր, երբ նկատեցին, որ նա նաեւ հոգեկան խնդիրներ ունի:

2004-2010թթ. Վահրամ Քառյանի նկատմամբ մեկ տարի ժամանակով բժշկասոցիալական փորձաքննությունների արդյունքում սահմանվել էր զինվորական հաշմանդամության երկրորդ խումբ:

Բժիշկները ախտորոշել էին զինվորական ծառայության պատճառական կապով խրոնիկական պերսեստող հեպատիտ կրկնվող ընթացքով, ստամոքսի խոցային հիվանդություն, մասնատված ստամոքս՝ բարդացված դեմինգ համախտանիշով, միջին ծանրության, խրոնիկական պանկրեատիտ, մարսողական ֆունկցիայի զգալի խանգարում:

Սակայն 2011թ. դեկտեմբերին ամենամյա ստուգումների արդյունքում Վահրամի նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երկրորդ խումբ՝ ընդհանուր հիվանդությամբ՝ պատճառական կապով անժամկետ շիզոֆրենիա՝ պարանոիդ ձեւ, էպիզոդիկ աճող դեֆեկտ, դեպրեսիվ պարանոիդ համախտանիշ:

Նոր ստուգումների արդյունքում Վահրամի ունեցած մյուս հիվանդությունները՝ խրոնիկական պերսիստող հեպատիտը, ստամոքսի խոցային հիվանդությունները նրան հաշմանդամ չեն դարձնում, քանի որ ստուգումները ցույց են տվել, որ դրանք ներկայումս չեն հանգեցնում որեւէ տեսակի, որեւէ աստիճանի կենսագործունեության սահմանափակման:

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Արունա Սիմոնյանը «Առավոտին» պարզաբանում է, որ Վահրամ Քառյանի մոտ վերոնշյալ հիվանդությունների արտահայտվածության աստիճանը բարձր է եղել, ազդել է նրա կենսագործունեության վրա, այժմ, սակայն, նման ազդեցության բացակայության պայմաններում, երբ հիվանդի վիճակը լավացել է, զինվորական հաշմանդամություն չի կարող սահմանվել. «Այս պահին նա ունի զինվորական հաշմանդամության տանող մեկ հիվանդություն՝ շիզոֆրենիա, սակայն պատերազմի հետ դրա ունեցած պատճառահետեւանքային կապը հաստատող փաստաթղթեր չկան, ուստի Վահրամ Քառյանի նկատմամբ սահմանվել է ընդհանուր հիվանդությամբ թոշակ»:

Հակառակ սրան՝ Վահրամի ընտանիքի անդամները պնդում են, որ նրա վիճակը, համեմատած նախորդ տարիների հետ, չի լավացել, ավելին, զինվորական թոշակից զրկվելը ազդել է նրա հոգեբանության վրա:

«Վահրամը հույսեր էր կապում, որ թոշակը կբարձրանա, ինքը կկարողանա ինքնուրույն հոգալ իր կարիքները, մանավանդ որ՝ չի կարող աշխատել: Նրա համար վիրավորական է, որ ողջ կյանքը պատերազմի դաշտում կործանեց, իսկ այժմ նույնիսկ դա հաշվի չեն առնում»,- ասում է Վահրամի եղբայրը՝ Արման Քառյանը:

Վահրամի հարազատները դիմել են պատկան մարմիններին՝ նրա նկատմամբ լրացուցիչ բժշկասոցիալական փորձաքննություն նշանակելու պահանջով:

«Իրենց ասելով՝ հրաշք է տեղի ունեցել: Եթե լավացել է, ապա ինչու է ամբողջ օրը բողոքում գլխացավերից, գլխապտույտից, մեջքի ու ստամոքսի ցավերից»,- զարմանում է Արման Քառյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30