Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 14-ը` համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր

Ապրիլ 10,2012 13:45

 Ապրիլի 14-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել  համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին և ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար.«Բացի կազմակերպված ծառատունկի, որն իրականացվելու է առանձնացված որոշակի վայրերում, բնապահպանության վարչությունը նաև բակերում է ծառերի տնկիներ հատկացնելու, որպեսզի մեր բնակիչները ևս հնարավորություն ունենան իրենց բակերում ծառատունկ իրականացնել: Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին և շաբաթօրյակին ու միասին մաքրենք մեր քաղաքը:»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 5000 ծաղկող թուփ է տնկվել:

Ասֆալտապատման գործընթացին զուգահեռ, մեկնարկել են նաև վերգետնյա երեք անցումների կառուցման աշխատանքները:

Անդրադառնալով նոր երթուղային ցանցի ներդրմանը, քաղաքապետը,  կարևորելով երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների ժամանակին անցկացումը, ընդգծել է. «Մրցույթները լինելու են բաց և թափանցիկ: Կհաղթեն այն ընկերությունները, որոնք առավել հարմարվետ փոխադրամիջոցներ և պայմաններ կառաջարկեն մեր բնակիչներին»: Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր ավտոբուսները հընթացս կհամալրվեն GPS համակարգով և WiFi կապով:

Պահանջը հստակ է նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու հարցում. բոլոր  տնտեսավարող սուբյեկտները, համաձայն պայմանագրի, պարտավոր են բարեկարգել, կանաչապատել և խնամել իրենց օբյեկտների հարակից հատվածները: «Ամենօրյա աշխատանք տարեք տվյալ տնտեսվարողների հետ, որպեսզի ապահովեն իրենց հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը: Բոլոր նրանք, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ մինչև պայմանագրերի դադարեցում», շեշտել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի փողոցներն ու շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար հարմարավետ դարձնելու համատեքստում, քաղաքապետի հանձնարարությամբ այսուհետ շինարարական բոլոր նախագծերը որպես պարտադիր նորմ պետք է ներառեն թեքահարթակներ: Սա, ի դեպ, ինչպես շեշտել է Տարոն Մարգարյանը, վերաբերում է նաև նախորդ տարիներին տրված, բայց դեռևս անավարտ շինարարություններին:

Մայրաքաղաքի արտաքին տեսքն առավել գեղեցիկ և գրավիչ դարձնելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի, Աբովյան փողոցի և, ընդհանրապես, մայրաքաղաքի ճարտարապետական նշանակության և բարձրահարկ շենքերի գեղարվեստական լուսավորման աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետին է ներկայացվել մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացված «Ձեզ համար կանայք» խորագրով ակցիայի շրջանակում կանանց անվճար բուժօգնության միամսյակի արդյուքները, համաձայն որի նշված ժամանակահատվածում համաբուժարաններ դիմած 12500 կանանցից լաբորատոր գործիքային հետազոտություն է ստացել 9540–ը։ Քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից ստացիոնար բուժոգնության է ուղեգրվել 619 հիվանդ, որոնցից բուժվել կամ բուժման մեջ է 165–ը։ Անվճար խորհրդատվություն են ստացել  63–ը, ևս 63–ը հերթագրման մեջ են ։ Ակցիայի շրջանակում 344 հիվանդ արդեն իսկ անվճար վիրահատվել է ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30