Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողը մարմնավաճառներն էին

Ապրիլ 10,2012 13:40

Հաճախորդների մեջ «գին գցող» պաշտոնյաներ էլ էին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, արագացված դատական ընթացակարգով ավարտել է Գոհար Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Նախկինում ծանր եւ միջին ծանրության հանցանքների կատարման համար երկու անգամ դատապարտված՝ 3 երեխաների մայրն այս անգամ դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, չնայած մեղադրողը՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազ Ռուզաննա Ասատրյանը, բողոք է բերել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով «հստակեցնել դատավճիռը», նշանակել հանցանքին համաչափ պատիժ:

Գոհար Ղազարյանը գտնվում է արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Նախկին 4 տարվա ազատազրկումը չմարված (փորձաշրջան էր նրա նկատմամբ այդ չափով նշանակվել)՝ Գոհար Ղազարյանը 2008 թվականից մինչեւ 2010թ. օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում, ծանոթանալով մարմնավաճառներ Աննա Ներսեսյանի, Նելլի Աղաջանյանի, Լիանա Սամադուրովայի, Սաթենիկ Կարապետյանի, Ալվինա Հարությունյանի, Աննա Մարտիրոսյանի, Ալիսա Գյոզալյանի, Աելիտա Միքայելյանի եւ անչափահաս մարմնավաճառներ Ա. Բ.-ի եւ Ռ. Կ.-ի հետ, նախապես տեղյակ լինելով, որ նրանք զբաղվում են մարմնավաճառությամբ՝ վարձատրությամբ միջնորդել էր վերջիններիս սեռական հարաբերությունների մեջ մտնել իր կողմից նախապես գտնված հաճախորդների հետ: Յուրաքանչյուր դեպքում մարմնավաճառների կողմից հաճախորդներին մատուցված «սեռական ծառայությունների» դիմաց նրանցից կամ հաճախորդներից տիկին Գոհարը պահանջել եւ ստացել էր 5000-ական ՀՀ դրամ՝ միջնորդավճարներ։

Դատարան պիտի դատակոչվեին 10 եւ ավելի մարմնավաճառները, ում գրպանել էր, ըստ էության, տիկին Գոհարը, չէր բացառվում, որ դատարանը լսեր նաեւ «հաճախորդներին», որոնց մեջ «գին գցող» պաշտոնյաներ էլ էին:

Սակայն ամբաստանյալ Գ. Ղազարյանը դատական անդրանիկ նիստին հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ եւ հասկանալի է, համաձայն է դրա հետ եւ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում։ Նկատենք, որ մեղադրողն արագացված դատաքննության կարգով քննելու դեմ չի առարկել։

Դատարանը հաստատված համարեց մեղադրանքը՝ ամբաստանյալի խոստովանական ցուցմունքներով, վկաներ Լիանա Սամադուրովայի, Աննա Ներսեսյանի, Նելլի Աղաջանյանի, Սաթենիկ Կարապետյանի, Ալվինա Հարությունյանի, Աննա Մարտիրոսյանի, Ալիսա Գյոզալյանի, Ալվինա Հայրապետյանի, Քրիստինե Լիսենկոյի, Աելիտա Միքայելյանի, Անահիտ Բեգոյանի եւ Ռոզա Կոստանյանի ցուցմունքներով։

Ամբաստանյալ Գոհար Ղազարյանի նկատմամբ նշանակվող պատժի տեսակը եւ չափը որոշելիս դատարանը հաշվի առավ հետեւյալը. որ ամբաստանյալն անկեղծորեն զղջացել է եւ իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ֆիզիկապես վատառողջ է, սոցիալապես անապահով ընտանիքի անդամ է, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից բնութագրվում է դրականորեն, խնամքին ունի 4 անձ, որոնցից 2-ը՝ մինչեւ 14 տարեկան, 1-ն անչափահաս է, ինչպես նաեւ հիվանդ մայրը։

Դատարանը փաստեց, որ այս քրեական գործով իրեղեն ապացույց չկա, քաղաքացիական հայց չի ներկայացվել եւ վճռեց նաեւ ամբաստանյալ Գ. Ղազարյանի գույքի նկատմամբ արգելանք չկիրառել։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30