Լրահոս
Օրվա լրահոսը

Մարաշում մանուկները «լխճված» են երթեւեկում

Ապրիլ 10,2012 13:38

Գծատերը մարդկանց կյանքի, առողջության ու նյարդերի հաշվին միլիոններ է դիզում

«Հարգելի քաղաքապետ, արդեն տասը տարուց ավելի է՝ մարաշցիները երթեւեկում են անմարդկային ու ստորացված պայմաններում, օրվա պիկ ժամերին պարզապես անհնար է օգտվել հասարակական տրանսպորտից: Այս համայնքը սպասարկող թիվ 22, 22 Ա միկրոավտոբուսները, բացի այն, որ անմխիթար վիճակում են, երթեւեկում են գերբեռնված: Կքված ու իրար գիրկ երթեւեկելն այս համայնքում արդեն օրինաչափություն է դարձել: Եթե մեծահասակները ինչ-որ տեղ հանդուրժում են, դիմանում ու հարմարվում, ապա այդ իրավիճակը թե՛ հոգեպես եւ թե՛ ֆիզիկապես շատ վատ հետեւանք է թողնում մանուկների վրա: Ամեն օր այդ փոքրիկները մանկապարտեզ, դպրոց են գնում, բառի բուն իմաստով, «լխճված» վիճակով, տպավորությունն այնպիսին է, որ Նորք-Մարաշում, տրանսպորտի առումով, մութ ու ցուրտ տարիները դեռ շարունակվում են: Այդ տարիներին ապրած սթրեսը՝ ավտոբուսներից կախված երթեւեկելը, էլեկտրաէներգիայի բացակայությունը եւ այլն, մեր սերնդի վրա շատ վատ հետք է թողել:  Այդ ժամանակ երեւույթը համատարած էր, եւ մարդիկ ըմբռնումով էին մոտենում, սակայն այս լուսավոր դարում նույնը վերապրում են մեր մանուկները:

Մարաշի ոլորապտույտ ճանապարհների պարագայում առավել վտանգավոր է այդքան ուղեւորներով բեռնված երթեւեկելը: Մարդկանց նյարդերն արդեն տեղի են տալիս, եւ գրեթե ամեն օր «բախումներ» են լինում վարորդների հետ: Ուղեւորների դժգոհություններից նյարդայնացած վարորդներն էլ մշտապես պատասխանում են՝ «Բա գծի պլան ենք տալիս, ո՞նց տակից դուրս գանք»: Ստացվում է՝ «գծի պլանը» կատարում են ուղեւորների առողջության ու անվտանգության հաշվին: Արդյունքում գծատերը՝ Օհանյանների գերդաստանը, միլիոններ է կուտակում, իսկ սովորական  քաղաքացիներս նյարդեր ենք քայքայում: Ամենավիրավորականն այն է, որ Մարաշի բնակիչների հազարավոր բողոքներին ոչ մի պետական մարմին չի արձագանքում: Ճանապարհային ոստիկաններն էլ աչք են փակում իրենց նախկին շեֆին՝ Մարգար Օհանյանին պատկանող երթուղագծի միկրոավտոբուսի վարորդների խախտումների վրա:

Այս նախընտրական օրերին Նորք-Մարաշում տասնյակ նախընտրական շտաբներ են բացվել՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, առանձին պատգամավորի թեկնածուների: Ամեն օր, օրը մի քանի անգամ այդ միկրոավտոբուսները գերբեռնված անցուդարձ են անում այդ շտաբների կողքով, սակայն ոչ մի քաղաքական ուժի այսօր նման կարեւոր հարցերը բացարձակ չեն հետաքրքրում: Այս օրերին այդ ուժերը, աղանդավորների պես ընկած դռնեդուռ, «մարդաորսությամբ» են զբաղված: Նրանց ամպագոռգոռ լոզունգներն էլ մարդկանց ուղղակի հունից հանում են: Տասնյակ տարիներ է՝ երկրի ղեկը հանրապետականների ձեռքին է, այդքան տարիների ընթացքում Մարաշի տրանսպորտի առումով ոչ մի հարց չի լուծվել, կարող էին, չէ՞, փոխել: Որ չեն փոխել՝ այսօր ո՞նց հավատանք ՀՀԿ-ին: «Բարգավաճ Հայաստանն» էլ, որը քանի տարի է՝ խորհրդարանում է, մինչ այդ խոստանում էր բարգավաճ երկիր, ո՞վ է տեսել բարգավաճ երկրում, տրանսպորտի այս առատության մեջ ինչ-որ մեկի բիզնեսին զարկ տալու համար քաղաքացիներին այդքան ստորացնեն:

Ժամը 21-ից հետո երթուղագծում 1 կամ 2 միկրոավտոբուս է երթեւեկում: Մինչդեռ նրանք պարտավոր են մինչեւ ժամը 23-ը ապահովել ուղեւորների տեղափոխումը:  Ժամերով անհույս սպասելուց հետո մարդիկ ստիպված են լինում տաքսիներով տուն հասնել: Օրական 2 հազար դրամով աշխատող մարդը 1000 դրամը միայն տաքսուն է վճարում: Գծատերը ոչ մի պարագայում չի տուժում. Օհանյանների ընտանիքին է պատկանում նաեւ «Անգել» տաքսի սերվիսը, որը Մարաշում եղած միակ սերվիսն է: Այնպես որ, միկրոավտոբուսները ժամանակից շուտ գծից հանելը նույնպես նրանց շահերից է բխում: Երթուղագծից մեքենաները պակասեցնում են, որպեսզի զարկ տան «Անգելի» գործին: Տաքսիներն ամեն օր շարվում են Շրջանայինի՝ դեպի Մարաշ բարձրացող կանգառին կից: Մարդիկ տրանսպորտին սպասելուց հոգնած, նյարդայնացած տաքսու ծառայությունից են օգտվում: Եվ այդպես տասնյակ տարիներ»:

Նորք-Մարաշ համայնքի բնակիչներ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30