Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեկան խնդիրներով անչափահասները՝ բախտի քմահաճույքին

Ապրիլ 10,2012 13:34

Տնից-տեղից զրկված նման անչափահասներին պետությունն էլ տեր չի կանգնում

Մեր երկրում հոգեկան խնդիրներով անչափահասները, որոնք ինչ-ինչ պատճառներով զրկված են ընտանեկան հոգատարությունից, զրկված են նաեւ պետական հոգածությունից: Ինչպես վստահեցնում են մասնագետները, այսօր Նորքի հոգեբուժական կենտրոնում անչափահասների համար ընդամենը 2-3 մահճակալ է նախատեսված, սակայն դա չի նշանակում, որ նման խնդիրներով երեխաների թիվն այդքան է: Ընդ որում, չնայած մասնագետների ահազանգերին, մեր երկրում չկա մասնագիտացված որեւէ կենտրոն, որտեղ հոգ կտանեն հոգեկան խնդիրներ ունեցող անչափահասներին:

Դրա վառ ապացույցն է ապրիլի 6-ի «Առավոտի»՝ «Զատիկի» սանը ինքնասպանության փորձ է արել ուշադրության պակասի՞ց» հրապարակման հերոսուհին, որը մասնագետների պնդմամբ՝ հոգեկան լուրջ խնդիրներ ունի. ծնողներն էլ հրաժարվել են նրանից, իսկ մանկատները բացի նրանից, որ իրավունք չունեն նման երեխային խնամելու, նման մասնագիտական ուղղվածություն էլ չունեն:

Եթե այսօր ոստիկանը փողոցում հանդիպի հոգեկան շեղումով անչափահասի, որն, ասենք՝ ինքնասպանության փորձ է կատարում կամ էլ հասարակությանը վտանգ հասցնող որեւէ գործողություն է անում, ապա նրան «բռնելուց, փրկելուց» հետո ոստիկանությունն էլ չի կողմնորոշվում, թե ուր տանի: Երբ պարզվում է, որ ծնողներն ու հարազատներն էլ չեն ցանկանում իրենց անչափահաս երեխային այլեւս տիրություն անել, ոստիկանությունը ստիպված նրան ուղեկցում է մանկատուն: Իսկ մանկատանը նման երեխաները կրկնակի խնդիրներ են առաջացնում, նախ՝ մանկատան սաների համար, հետո էլ՝ հենց իրենց, քանի որ այդ հաստատությունում այդպիսի երեխաների առողջական խնդիրներով զբաղվող նեղ մասնագետներ չկան:

Ճիշտ է, մանկատունը կամ մեկ այլ խնամքի կենտրոն, որպես բարի կամքի դրսեւորում, շատ կարճ ժամանակ հոգ են տանում նման երեխաներին, սակայն դրանից հետո այդ երեխաները գնալու տեղ պարզապես չունեն: Ինքնասպանության փորձ կատարած «Զատիկի» սանը ճիշտ եւ ճիշտ նման իրավիճակում է հայտնված: «Առավոտի» հետ զրույցում «Զատիկի» տնօրենը պատմել էր, որ այդ երեխան մի քանի օր էլ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնում» է անցկացրել, սակայն ինչպես մեզ հետ զրույցում նշեց Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը՝ այդ անչափահասին իրենց մոտ ոստիկանությունն է տարել, իսկ իրենք նրան հոգեբույժի կոնսուլտացիայի են ուղեկցել, որտեղ պարզվել է, որ այդ երեխան լուրջ բժշկական ծառայության կարիք ունի, ուստի իրենք նման խնդիրներով երեխաներին չեն կարող ապաստան տալ: Տիկին Միրայի պատմելով՝ որքան էլ փորձել են հորը համոզել երեխային տուն տանել՝ ծնողը հրաժարվել է: Հոգեբուժարանից հետո, ինչպես ՀՕՖ-ից ասացին, ոստիկանությունը փորձել է երեխային կրկին կենտրոն ուղղորդել, սակայն վերջինս հրաժարվել է: Ի վերջո, ինքնասպանության փորձ կատարած երեխան հայտնվել է «Զատիկում», սակայն ինքնասպանության մտքից այդպես էլ չի հրաժարվում: Միրա Անտոնյանի խոսքերով՝ սեփական փորձից ելնելով, բազմիցս բարձրաձայնել են նման կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը, սակայն երեխաների համար պատասխանատու պետական մարմինները գտնում են, որ դրա անհրաժեշտությունը չկա: Միրա Անտոնյանի ներկայացմամբ՝ վերջերս խորհրդարանական լսումներից մեկի ժամանակ հստակ ներկայացրել են խնդիրը եւ նշել, որ հոգեբուժական խնդիրներով լքված անչափահասները ուղղակի անտերության են մատնվում, եւ անհապաղ պետք է մասնագիտացված կենտրոն ստեղծել նրանց տեղավորելու համար: Առողջապահության պատասխանատուները տիկին Անտոնյանին հավաստիացրել են, որ իրենց ունեցած տվյալներով՝ տարեկան 1-2 նման երեխա կա, ուստի այդ պարագայում ծախսեր անելն ու կենտրոն ստեղծելը նպատակահարմար չէ: Մինչդեռ իրականում, ըստ տիկին Անտոնյանի, միայն իրենց կենտրոնում 1 տարի 4 ամսվա ընթացքում նման խնդիրներով 16 դեպքի են առնչվել: Մ. Անտոնյանի խոսքերով՝ «Առողջապահության նախարարությանը պաշտոնական նամակ գրեցինք, բոլոր տվյալները ներկայացրեցինք, որ այսքան դեպք կա, որ այս երեխաների համար հատուկ ծառայություններ են անհրաժեշտ, ամեն մեկին բավականին երկար բուժում է պահանջվում՝ նեղ մասնագետների՝ հոգեբույժների, սոցաշխատողների, նույնիսկ ոստիկանների օգնությամբ: Մեզ թվաց՝ եթե տվյալներին ծանոթանան, մի բան կձեռնարկեն, բայց փետրվարից մինչեւ հիմա ոչ մի արձագանք չկա: Մենք անընդհատ այդ հարցը բարձրացնում ենք ու ասում՝ դուք հազար ու մի հաստատություն ունեք, ու հասկանալի չէ՝ դրանք ինչի համար են. մանր-մունր հարցերի համար, ոչ այնքան էլ լուրջ խնդիրներ ունեցողների համար: Մենք ասում ենք՝ դրանցից մեկը վերաբացեք, վերականգնողական կենտրոն սարքեք, ինչ էլ որ արժենա, դա խիստ անհրաժեշտ է: Լավ, այդ երեխաներն ի՞նչ լինեն, հո չե՞նք սպանի, նրանց ճակատագիրը օդում է: Գյումրիի ցերեկային կենտրոնի մեր կոլեգաներն էլ վստահեցնում են, որ Գյումրիում էլ շատ կան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաներ: Նույնը Վանաձորից են ահազանգում»:

Թե կոնկրետ ո՞ր գերատեսչությունը պետք է նախաձեռնի նման կենտրոնի հիմնումը, մեր հարցին տիկին Անտոնյանը պատասխանեց՝ բոլոր կառույցները միասին պետք է աշխատեն: Բացի այդ, երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովում ներկայացված են բոլոր գերատեսչությունների պաշտոնյաները, որոնք առնչվում են երեխաների խնդիրների հետ, եւ հենց այս կենտրոնում, ըստ տիկին Անտոնյանի, գոնե պետք է բարձրացվեն, թե ինչ ծառայությունների ու ինչի կարիք կա:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30