Հանրապետության ճանապարհներին ստեղծված բարդ իրավիճակներում, երբ ձյունն ու քամիները գերության մեջ էին պահում հարյուրավոր ավտոմեքենաներ` կին ու երեխաներով, հղիներով ու հիվանդներով, իրենց գերազանց դրսևորեցին ԱԻՆ հրշեջ-փրկարարները, ովքեր գիշեր ու ցերեկ, առանց շաբաթ-կիրակիի, անձնվիրաբար ծառայեցին ժողովրդին։ Ամենաապահով եվրոպաներում տասնյակ մարդիկ զոհ գնացին ցրտին ու բքին։ Իսկ մեզ մոտ հրշեջ-փրկարարների, ճանապարհային ոստիկանների, ճանշինի աշխատակիցների, պարզապես պատահական վարորդների շնորհիվ ոչ մի զոհ չունեցանք։
ԱԻ նախարար Արմեն Երիցյանն արդեն պարգևատրել էր Արագածոտնի, Գեղարքունիքի և Շիրակի մարզի հրշեջ-փրկարարներին, և հանձնարարել էր գտնել «Համեր» մակնիշի 2 ավտոմեքենաների վարորդներին, ովքեր քաղաքացիական դիրքորոշում էին դրսևորել և իրենց անձնական Համերներով 35 ավտոմեքենա դուրս բերել ձնաբքի գերությունից։
Ապրիլի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ բազմաթիվ մարդկանց ավտոմեքենաներ ձնաբքից հանած երկու քաղաքացիների պարգևատրման արարարողությունը։
Փրկարարական աշխատանքներում արդյունավետ օգնություն ցուցաբերելու, դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու ընթացքում դրսևորած մարդասիրական վերաբերմունքի համար ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ԱԻՆ պատվոգրով պարգևատրեց ՀՀ քաղաքացիներ Աղաբեկ Հակոբյանին և Կարապետ Մելքոնյանին։
Կարդացեք նաև
– Ուրախ եմ, որ ձեզ նման տղաներ կանգնած են մեր կողքին, փրկարարների կողքին։ Ինձ հաճախ հարցնում են` քանի փրկարար ունենք մենք։ Մենք ունենք այնքան փրկարար, որքան Հայաստանում բնակիչ կա, քանի որ յուրաքանչյուրը կարող է օգնության հասնել դժվարության մեջ հայտնվածին։ Կարծում եմ, հասարակությունը պետք է գնահատի նման մարդկանց անձնվեր աշխատանքը, – վստահեցրեց ԱԻ նախարարը։
Կամավոր փրկարարներ, գործարարներ, պարզապես Հայաստանի քաղաքացիներ Աղաբեկ Հակոբյանն ու Կարապետ Մելքոնյանն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարին` դրսևորած վերաբերմունքի և իրենց կատարած աշխատանքի նման բարձր գնահատականի համար։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ