Անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ իրեն խիստ նկատողություն տալու հրամանին՝ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն «Առավոտին» ասաց. «Չգիտեմ, թե ինչ նմանատիպ, աչքի ընկնող նվաճումներ ունի Տիգրան Սարգսյանի կառավարությունը, սակայն այդ հրամանի շնորհիվ այն հաստատ կարող է հավակնել Գինեսի գրքում հայտնվելուն: Իսկապես՝ ինչ մտքի տեր պետք է լինել, որպեսզի Եվրախորհրդի Նախարարների խորհրդի կողմից ընտրված Փոքրամասնությունների կամ տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի անդամին խիստ նկատողություն հայտարարել Կոմիտեի պլենար նիստին մասնակցելու համար: Եվ դա այն դեպքում, երբ համապատասխան Խարտիայում հստակ նշված է, որ կառավարությունը չպիտի միջամտի փորձագետի գործունեությանը: Պարզից էլ պարզ է. դատարանը անվավեր կճանաչի այս անհեթեթ հրամանը, ուստի ես որեւէ անհանգստանալու բան չունեմ: Պարոն Աշոտյանը ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները, նույն հաջողությամբ նա կարող էր հրամայել ինձ գլխատել կամ աքսորել Լուսին: Սակայն այստեղ ես նաեւ դրական բան եմ տեսնում. դատաքննության ընթացքում կհրապարակվի այս որոշմանը նախորդած նամակագրությունը եւ ակներեւ կդառնա պարոն Աշոտյանի մտավոր եւ բարոյական մակարդակը, ինչից թող հետեւություններ անեն նրա գործընկերները կառավարությունում եւ կուսակցությունում: Դիմելու ենք նաեւ վարչապետին, որպեսզի նա նախ՝ վերացնի նշված հրամանը եւ որոշի պարոն Աշոտյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Թե չէ՝ ժողովրդի լեզվով ասած՝ հիվանդը չի ամաչում, հիվանդի տերն է ամաչում»:
Սեփ լր.
Հ. Գ. Սուրեն Զոլյանի հետ ընդարձակ հարցազրույցը կհրապարակենք հաջորդիվ: Պատրաստ ենք հրապարակել պարոն Աշոտյանի պատասխանը:
«Առավոտ» օրաթերթ