Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց գլխավոր դերակատարների

Ապրիլ 10,2012 13:04

ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները լրատվամիջոցներին կիսապաշտոնապես տեղեկացրին, որ «այս փուլում» նրանք չեն մասնակցելու հեռուստատեսային բանավեճերին ոչ իրար, ոչ էլ խորհրդարանական ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի հետ: Թե որքան է տեւելու «այս փուլը»՝ առայժմ հայտնի չէ: Չեմ կարող ասել նաեւ, թե ինչով է պայմանավորված նման մարտավարությունը. թվում է, թե երկու թիմերում էլ կան ճարտար լեզու ունեցող մարդիկ` Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Գուրգեն Արսենյան, Հմայակ Հովհաննիսյան: Ճիշտ է, նրանց մասնակցությամբ բանավեճերն ավելի շուտ կլինեն մենախոսությունների շարքեր, որովհետեւ շատ դժվար կլինի ընդհատել այդ գործիչների մտքերի հոսքը, բայց որ նրանք ցանկացած ընդդիմադիրի «խոսքի տակ չեն մնա»՝ դա ակնհայտ է: Օրինակ՝ երբ ինձ են առաջարկում մասնակցել որեւէ բանավեճի, ես հրաժարվում եմ, որովհետեւ գիտեմ, որ պարտվելու եմ, որովհետեւ լեզվակռվում որեւէ մեկին ջախջախելը, «ծնկի բերելը» եւ անարգանքի սյունին գամելը անլուրջ, մանկապարտեզային զբաղմունք եմ համարում: Բայց քաղաքական գործիչները պարտավոր են, բնականաբար, մտնել այդպիսի բանավեճերի մեջ` մանավանդ նախընտրական շրջանում:

Այսպիսով, իրենց կազմերում ունենալով կարկառուն բանախոսներ, իշխող կոալիցիայի անդամ երկու կուսակցությունները առայժմ հրաժարվում են դեբատներից: Նրանց բացակայությամբ բանավեճերն այնքան էլ հետաքրքիր չեն, որովհետեւ մնացածները հանդես են գալիս մեղադրողի դերում, իսկ արդարացողը չկա: Իհարկե, կարող են լինել նաեւ այլ կոնֆիգուրացիաներ. ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» կարող են վիճել, թե ով է նրանցից ավելի ընդդիմադիր եւ ավելի «վճռական տրամադրված», բայց նրանց միջեւ խորը հակասություններ չեն կարող լինել, որովհետեւ նրանք պետք է արձանագրեն, որ վիճակը վատ է, արտագաղթ է, կոռուպցիա է,  մենաշնորհներ են եւ այլն: Եթե այս հարցերում ոչ ոք չի հակադարձում, բանավեճ, ըստ էության, չկա:

Ճիշտ է, երեկ ես «Ա1+»-ով վարում էի մի բանավեճ, որը, իմ կարծիքով, շատ յուրահատուկ էր՝ մասնակցում էին ՀԱԿ-ի եւ ենթադրյալ աութսայդերներից մեկի՝ ՀԴԿ-ի ներկայացուցիչները: Կոնգրեսի անդամն ասում էր, որ իրավիճակը վատ է, իսկ դեմոկրատն էլ պնդում էր, որ՝ այո, վատ է, բայց դրա մեղավորը ոչ այնքան ներկայիս  իշխանությունն է, որքան ՀՀՇ-ն, որը քանդեց գյոզալական սովետական երկիրը, փակեց գործարանները, ամեն ինչ թալանեց եւ, ղեկավարվելով արեւմտյան կասկածելի դեղատոմսերով, Հայաստան ներմուծեց վայրի լիբերալիզմը: Պարզապես հիշեցնեմ, որ 1998 թվականից մինչեւ 2012 թվականը բավականին ժամանակահատված կար՝ այդ ամենը շտկելու, եւ ՀՀՇ-ի սխալների գնահատականներն այսօր ավելի շուտ պատմաբանների, ոչ թե քաղաքական գործիչների խնդիրն են:

Այդ բանավեճն ինձ համար, համենայնդեպս, ինֆորմատիվ էր. ես հասկացա, թե ինչու է ՀԴԿ-ն մասնակցում ընտրությունների:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30